Փաշինյանը կանգ չի առնում. սպասե՞լ պատասխանի. Մարինե Սուքիասյան

ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Քյարամյանին արտահերթ Հ1 ուղարկելը պայմանավորված էր մի կարևոր հանգամանքով. պատերազմի նախօրեին և պատերազմի օրերին կատարվածը բանահյուսությունից վերածվում է կոնկրետ մեղադրականի, կոնկրետ հանցագործության պատմության։ Երեք հարց, որոնք Փաշինյանին ուղեկցելու են ողջ կյանքում, իսկ կյանքից հետո՝ պատմության դասագրքերում.

ա/ Ինչու՞ բանակցությունները դիտավորյալ բերվեցին փակուղի
բ/ Ինչու՞ պատերազմը շուտ չկանգնեցվեց
գ/ Ի՞նչ դավաճանական սխեմա է գործել

Այս հարցերն արդեն բանահյուսություն չեն, սրանք ամեն հայի տուն մտած մտքեր են, որոնք իրավաբանների և նախկին ուժայինների գրագետ քայլերի շնորհիվ ստացել են իրավական ձևակերպում։ Սրանից փախուստ այլևս հնարավոր չէ։
Սա գիտակցելով՝ Փաշինյանը Հ1 է ուղարկում իր եզակի «մահապարտներից» մեկին՝ ասելու բաներ, որոնք ուրիշները ոչ մի պայմաններում չէին ասի։
Ա. Քյարամյանը Շուշիի անկման հարցում մեղադրում է ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Վանեցյանին։ Հիշեցնենք, որ նույնը պատերազմից անմիջապես հետո արել էր Փաշինյանը, իսկ հաջորդ օրը նույն հարցում մեղադրել Ծառուկյանին։ Կողմնակի հայացքի համար կարող է ծիծաղելի թվալ, որ պետության ղեկավարը, որը տիրապետում է կազմակերպված բանակի ռեսուրսներին, ռազմավարական օբյեկտի պաշտպանության հարցով հանկարծ հարձակվում է կամավորական ջոկատի ղեկավարի վրա, որը մեծ հաշվով կարող էր ընդհանրապես որևէ տեղ չգնալ։ Ցանկացած բանական մարդու համար դա ծիծաղելի կլիներ, սակայն մթագնած գիտակցությամբ իշխանության համար սա դարձել է արդեն սովորական գործելաոճ։

Ինչո՞ւ է Փաշինյանը հիմա նման բան անում, ո՞րն է նրա մոտիվացիան. Պատասխանը մեկն է՝ վախը։ Նա հորինում է վարկածներ, գտնում իր նման անհեռանկարային դեմքի և ուղարկում Պետոյի մոտ։ Ինչո՞ւ է Քյարամյանը համաձայնում իր վրա վերցնել մի բան, որի համար անպայման պատասխան է տալու։ Պատասխանը դարձյալ պարզ է՝ ելք չունի։ Նա և Փաշինյանը կապված են նույն շղթաներով, իսկ հետո՝ ձեռնաշղթաներով։

Բայց կա մեկ այլ հարց, որն ավելի հետաքրքիր է։ Երբ դու մեկի դեմ նման կեղտոտ պատվեր ես իջեցնում, ապա պետք է հասկանաս, որ այդ մեկը ստանում է բոլոր բարոյական իրավունքները՝ քեզ ցավոտ պատասխանելու։ Տվյալ դեպքում այդ մեկը ԱԱԾ նախկին տնօրեն է. Հետևաբար՝ մարդ, ով տիրապետում է անհռելի տեղեկատվության և չունի սուտ հորինելու խնդիր, ընդամենը կարող է ճշմարտության թղթապանակից հանել որևէ դրվագ և խնդրել ինչ-որ մեկին որևէ հեռուստաընկերության եթերից պատմել կամ հրապարակել որևէ մեդիայում։

Կա տպավորություն, որ Փաշինյանը չարաշահում է Վանեցյանի մասնագիտական և ինչ-որ տեղ՝ մարդկային կոդեքսները։ Ի վերջո, «Կանգ առ»-ի հայտնի կոչից հետո հանրությունը Վանեցյանից ակնկալում էր բացահայտումներ, փաստացի տվյալներ՝ երկրում ընթացող սողացող կազմաքանդման կամ նույնիսկ սողացող դավադրության մասին։ Մի բան, որ այդպես էլ չարվեց։ Ինչ-որ տեղ Փաշինյանի պատվերի և Քյարամյանի լկտի ստի մեղավորը հենց Վանեցյանն է. նրա՝ քայլ չանելը թույլ տվեց, որ այսօր պարտված և ազգային աղետ հեղինակած զույգը կարողանում է եթեր պլանավորել և կեղծիք տարածել։ Եվ նրանք դա անելու են այնքան, որքան թույլ կտան դիմացինները։
Ժամանակները ֆորսմաժորային են, և դա պահանջում է որոշակի սկզբունքների վերանայում։

Մարինե Սուքիասյան

Այլընտրանքային նախագծեր խումբ