Դժվարացել է աշխատանքը սփյուռքի հետ. Զարեհ Սինանյան

Այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե սփյուռքում կա՞ն կազմակերպություններ, որոնք պատերազմից հետո հրաժարվել են աշխատել Հայաստանի պետական մարմինների, կամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ:

«Մեզ հետ առնչված չկան, բայց չեմ զարմանա, որ լինեն»,- ասաց Սինանյանը:

Հարցին, թե այն դեպքից հետո, երբ Հայաստան համահայկական հիմնադրամից շուրջ 53 մլրդ դրամ փոխանցվեց Կառավարությանը, եղե՞լ է վստահության անկում, Սինանյանը պատասխանեց, որ ճիշտ կլինի հարցն ուղղել հիմնադրամին, սակայն, իր դիտարկմամբ, դժվարացել է աշխատանքը սփյուռքի հետ, բայց ներդրումներ չեն հետաձգվել կամ սառեցվել:

Հարցին, թե սփյուռքում հիասթափություն կա՞, Սինանյանը պատասխանեց.

«Ինչքանով հիասթափություն այստեղ կա, այնքան էլ՝ այնտեղ, համատարած երևույթ է: Մարդիկ շոկի մեջ են, պատասխաններ են փնտրում, ուզում են հասկանալ՝ ո՞նց եղավ, չնայած պատասխանները, իմ կարծիքով, պարզ են, համենայնդեպս պետք է պարզ լինեն, մարդիկ փնտրում են, ուզում են հասկանալ՝ ինչո՞ւ եղավ, դա որոշ ժամանակ է տևելու, որ նախ ստանան պատասխաններ, հետո սկսեն սթափ ձևով մտածել»:

Իսկ չէր ակնկալո՞ւմ Սինանյանը, որ հիմնադրամից Կառավարությանը գումար փոխանցելու դեպքում նման արձագանք կլինի:

«Եթե մենք հաղթեինք այս պատերազմում, կամ եթե այն ավելի քիչ ցավալի ավարտ ունենար, ապա այս հարցը չէր տրվի»,- պատասխանեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:

Հարցին, թե հավատո՞ւմ էր, որ մենք հաղթում ենք, ինչպես պնդում էր պաշտոնական քարոզչությունը, հանձնակատարը պատասխանեց, որ պատերազմի ընթացքում զբաղված է եղել Հայաստան-սփյուռք կապի ապահովմամբ և տեղյակ չի եղել պատերազմական իրավիճակի մանրամասներին:

«Հավատացեք, որ ես ձեզանից ավելի տեղեկություն չեմ ստացել, չեմ ստացել, դա է իրականությունը, բայց բաց տեղեկությունից, տեղեկատվական կայքերից բավականին պարզ պատկեր ունեի, որ մեր գործերը, մեղմ ասած, լավ չեն, բայց չէի պատկերացնում, որ այդքան վատ էին, քանի որ նման տեղեկություն ինձ ոչ ոք չէր փոխանցել: Իմ գործը եղել է, որ ես սփյուռքի և Հայաստանի միջև կապերն ապահովեմ, որ այն բաները, որոնք ինձ փոխանցվել են, ինչի կարիքն ունի Հայաստանը, գան տեղ հասնի, որ սփյուռքի աշխատանքն էլ արվի, այն, ինչ սփյուռքը պետք է աներ պատերազմի ժամանակ, ես միայն դրա վրա եմ կենտրոնացել, և դա արել եմ»: