Էդգար Էլբակյան. Ի՞նչ ենք անելու, եթե Ադրբեջանը որոշի մինչև Մեղրի հասնելը մաքսակետ տեղադրել

Կապիտուլացիայից հետո Հայաստանը չի պահպանել իր ներուժը։  Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Էդգար Էլբակյանը։

«Արցախի Շահումյանի ու Քաշաթաղի շրջաններն այս պահին ժամանակավոր օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Մենք պետք է ընդունենք, որ Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի նոր արևելյան սահմանը դե ֆակտո սահմաններ են, չպետք է մտնել իշխանական այն դիսկուրսի մեջ, որ դրանք սահման են ու վերջ։  Հիմա  Տավուշում, Նախիջևանում  զինված ուժերը քիչ թե շատ պահպանում են նախապատերազմական շրջանի իրենց մարտունակությունը, ինչ վերաբերում է  Գեղարքունիք-Սյունիքի վիճակին, մենք ունեցանք փաստացի մի վիճակ, որ Հայաստանը չկարողացավ իր համար ընդունելի սահմանները պահպանել, պարտադրվեց ընդունել սովետական շրջանի դեմարկացիոն իրականությունը»,-մանրամասնեց նա։

Քաղաքագետը պնդում է՝ ճիշտ են բոլոր իրավաբաններն ու մասնագետները, որոնք նշում են, որ սահմանները պետք է գծվեն միջկառավարական հանձնաժողովների աշխատանքի արդյունքում։

Անդրադառնալով կապիտուլյացիայի վերաբերյալ հնչած  անհամաձայնություններին ու իրեն ուղղված քննադատություններին, թե շահարկվում է այդ տերմինը, Էլբակյանը բացատրեց, դա նկարագրում է մի իրավիճակ, երբ պատերազմն ավարտվում է մի կողմի պարտությամբ, իսկ վերջինը չունի ներուժ հակառակորդի հետ հավասարը հավասարի պես խոսելու ու բանակցելու համար։

«Շատերն ասում են, ինչի՞ մենք 94-ին կապիտուլյացիայի չենթարկեցինք, հարցը չփակեցինք, հակառակը՝ հրադադար ստորագրեցինք, իսկ 26 տարի հետո եղավ այն, ինչ եղավ։ Ուրեմն 94-ին ով կար, դավաճա՞ն էր։ 94-ին մենք չէինք կարող կապիտուլյացիայի ենթարկել Ադրբեջանին, այդքան ուժ չունեինք, նրանք մեզ հետ խոսում էին հավասարը հավասարի պես։ Ադրբեջանն իր ներուժը պահպանել էր, իսկ մենք՝ ոչ»,-ասաց նա։

Իսկ ապագայի վերաբերյալ իշխանության քարոզչության մասին, թե սահմանները բացվելու են, ամեն ինչ լավ է լինելու, Էլբակյանն ընդգծեց. «Իրականում հանգիստ չի լինելու։ Մենք գործ ունենք մի թշնամու հետ, որը չի բավարարվում եղած վիճակով, ուզում է հասնել առավելագույնի։ Սա երակարաժամկետ ու միջնաժամկետ առումով»։

Քաղաքագետը կարճաժամկետ առումով այլ խնդիրներ է մատնանշում, օրինակ ի՞նչ է անելու հայկական կողմը, եթե Ադրբեջանը որոշի մինչև Մեղրի հասնելը մաքսակետ տեղադրել։

«Ոչ մի բան ի վիճակի չէ անել Հայաստանը, քանի որ հայտնվել է այդ վիճակում»,-նշեց նա՝ մատնանշելով շրջանցիկ ճանապարհ կառուցելու հնարավորությունը։