ՌԴ-ն և Թուրքիան ձգտում են պայմաններ ստեղծել ԼՂ-ում ադրբեջանցիների և հայերի համակեցության համար՝ առանց խաղաղապահ առաքելության. Էրդողան

Թուրքիան իր կողմից անհրաժեշտ ներդրում կանի Լեռնային Ղարաբաղում կայունության և խաղաղության պահպանման համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ժամանակ:

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններն ու հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծումը: Նախագահ Էրդողանը բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան անհրաժեշտ ներդրում կանի և կաջակցի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»,- գործակալության փոխանցմամբ՝ ասվում է Էրդողանի գրասենյակի հայտարարության մեջ:

Էրդողանը վստահեցրել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ձգտում են ստեղծել պայմաններ, որոնք թույլ կտան ադրբեջանցիներին և հայերին միասին ապրել Լեռնային Ղարաբաղում՝ առանց խաղաղապահ կամ դիտորդական առաքելության գործունեություն ծավալելու անհրաժեշտության:

Հիշեցնենք, որ Կրեմլի մամուլի ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանին հայտնել է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին: