Հունվարի 11-ի եռակողմ հանդիպումը վերահաստատեց, որ պարտության խորհրդանիշ Նիկոլը պետք է հեռանա (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանն է

Հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվեց համատեղ հայտարարություն, որում Ալիևը վերահաստատեց և նոր հիմքերի վրա դրեց նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետի իրականացումը, այն է՝ տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, ՀՀ-ն երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև…  Այդ նպատակով ձևավորվելու է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը անցկացվելու է մինչև 2021 թ. հունվարի 30-ը, և  արդյունքների հիման վրա պետք է կազմվի Հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը։

Ալիևը հաստատեց, որ Արցախի կարգավիճակի խնդիր այլևս գոյություն չունի, օրակարգը փակված է, մինչդեռ ՀՀ վարչապետը չհակադարձեց նման պնդումներին, ավելին՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրի 8-րդ կետը շարունակում է մնալ անկատար։

Ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով հանդիպմանը, երեկ հայտարարեց, որ հունվարի 11-ի եռակողմ հանդիպումն ու համատեղ հայտարարությունը ևս մեկ անգամ վերահաստատեցին իրենց մոտեցումը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ առաջ տանել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը: Պարտության խորհրդանիշը պետք է հեռանա, հակառակ դեպքում մեր կորուստներն ու նվաստացումները շարունակվելու են:

Անդրադառնալով ընդդիմության հետագա անելիքներին՝ Բաբկեն Հարությունյանը ընդգծեց, որ պետք չէ հուսահատվել և համարել, թե ամեն ինչ վերջացած է, միասնական պետք է պայքարել հայրենիքի և հայ ժողովրդի ապագայի համար։

Մանրամասները՝ տեսանյութում