Պուտինը հանձնարարել է հաջորդ շաբաթվանից սկսել կորոնավիրուսի դեմ ռուսաստանցիների զանգվածային պատվաստումները

Վլադիմիր Պուտինը հանձնարարել է սկսել կորոնավիրուսի դեմ ռուսաստանցիների զանգվածային պատվաստումները: Երկրի ղեկավարը հրամայել է պատրաստել համապատասխան ենթակառուցվածքներ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ քաղաքացիների պատվաստումները սկսվել են դեկտեմբերի սկզբին: Այժմ ռուսաստանցիները կարող են պատվաստվել «Սպուտնիկ V» պատվաստանյութով, որը ստեղծվել է Գամալեա կենտրոնի կողմից՝ մարդու ադենովիրուսի վեկտորի լավ ուսումնասիրված պլատֆորմի հիման վրա:

18 տարեկանից բարձր մարդիկ կարող են պատվաստվել, եթե չունեն քրոնիկ հիվանդություններ՝ հակացուցումների ցուցակից: Պատվաստումը հակացուցված է հղի և կրծքով կերակրող կանանց:

Առաջին հերթին սկսեցին պատվաստել հիմնական ռիսկային խմբերի քաղաքացիներին՝ բժիշկներ, ուսուցիչներ, սոցիալական աշխատողներ, այնուհետև նրանց միացան  մշակութային հաստատությունների, առևտրի և սպասարկման ձեռնարկությունների, տրանսպորտի և էներգետիկայի, արդյունաբերության և լրատվամիջոցների աշխատակիցներ, շինարարներ, կամավորներ, ուսանողներ, աշխատակիցներ բանկային և ֆինանսական հատվածներից, իշխանությունների և բյուջետային հաստատությունների աշխատակիցներ: