Ճանապարհների ապաշրջափակման հետևանքները Հայաստանի համար (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, կառավարման մասնագետ Արթուր Խաչատրյանը

ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների կողմից Մոսկվայում երեկ ստորագրված հայտարարության իրագործումը ենթադրում է տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակում, տնտեսական հնարավորությունների ընդլայնում, բեռնափոխադրումների ծավալի մեծացում, ինքնարժեքի հնարավոր նվազեցում… Համենայնդեպս իշխանական օղակները նշում են այդ ծրագրի արդյունավետության և հեռանկարային լինելու մասին։ Իսկապե՞ս նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն հայտարարության իններորդ դրույթը նման տնտեսական հեռանկարներ կբացի Հայաստանի համար։ Արթուր Խաչատրյանի համար նախ անհասկաալի է, թե Արցախի խնդրին վերաբերող հայտարարության մեջ ինչու է դրույթ ընդգրկվել Հայաստանի ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ, դա որևէ կերպ չի առնչվում Արցախին։ Եվ հետո՝ ըստ նրա, Հայաստանն այդ դրույթի իրագործման արդյունքում ոչ թե կշահի, այլ մեծապես կտուժի թե տնտեսապես, թե անվտանգային առումով, քանի որ որևէ հայաստանցի չի համարձակվի Բաքվով դեպի Ռուսաստան կամ Իրան ճամփորդել կամ բեռներ փոխադրել։ Հետևաբար ճանապարհների ապաշրջափակումից կշահի միայն մեր թշնամին։

Արթուր Խաչատրյանն անդրադարձավ նաև հայկական հատկապես գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության թեմային, ասելով, որ ադրբեջանական էներգակիրների և պետության կողմից գյուղատնտեսությանը տրվող մեծ սուբսիդավորումների հաշվին ադրբեջանական գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը բավականին ցածր է, հետևաբար եթե հայկական շուկան ողողվի դրանով, մեր տեղական արտադրանքը շուկայից դուրս կմնա, ինչը հղի է արտագաղթի հերթական ալիքի վտանգով։ Առանց այն էլ գյուղատնտեսությունը մեզանում վերջին տարիներին անկում է ապրել, իսկ թշնամու արտադրանքը վերջնականապես ճգնաժամի կենթարկի ոլորտը։

Խոսելով 2021թ․ առաջին եռամսյակի տնտեսական սպասումների մասին՝ Արթուր Խաչատրյանը, հիմնվելով իրողությունների վրա, ասաց, որ մեզ բավականին ծանր տարի է սպասում։

Մանրամասները՝ տեսանյութում