Ադրբեջանցիներով Հադրութը բնակեցնելու մասին են խոսում. Հադրութը, որտեղ ադրբեջանցիներ գրեթե չեն բնակվել անգամ խորհրդային տարիներին

Ադրբեջանական առցանց հեռուստաալիքներից մեկով այս պահին Իլհամ Ալիևի իշխանության՝ հատկապես արտաքին և տարածաշրջանային հարցերով ոչ ամենևին անհայտ փորձագետներից մեկն է խոսում։

3 կարևոր կետ, որոնց վրա հետաքրքիր շեշտադրումներ արեց փորձագետը և որոնք կարող են մեզ էլ հետաքրքիր լինել՝

  1. Ադրբեջանը պետք է հնարավորինս արագ սկսի վերաբնակեցման քաղաքականությունն իր ձեռքն անցած տարածքներում։ Ենթակառուցվածքների առումով նման հնարավորություն այս պահին կա Շուշի և Հադրութ քաղաքներում, և ադրբեջանական կողմը պետք է արագ ադրբեջանցիներով բնակեցնի առաջին հերթին հենց այս երկու քաղաքները։

Ադրբեջանցիներով Հադրութը բնակեցնելու մասին են խոսում։ Հադրութը, որտեղ ադրբեջանցիներ գրեթե չեն բնակվել անգամ խորհրդային տարիներին։

  1. Ադրբեջանում մեկնարկել է նոր գաղափարախոսության ներմուծման գործընթաց։ «Մեկ ազգ, երկու պետությունը» փոխարինվում է «մեկ ազգ, մեկ պետություն» մոտեցմամբ։
  2. Արվում են հետևություններ պատերազմի ժամանակ և դրանից հետո թույլ տրված սեփական սխալներից և թերացումներից։ Ուշադրության կենտրոնում հատկապես Ֆրանսիայի սենատի կողմից միանգամից 305 պատգամավորի կողմ քվեարկությամբ ընդունված ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծն է։ Հիմնական մեղավոր է նշանակվում ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ով ի պաշտոնե պատասխանատու է դեսպանների գործունեության կամ անգործության համար։

#մենք_և_նրանք

Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից