Մարտակերտում, Մարտունու և Ասկերանի շրջաններում վնասազերծվելու է չպայթած զինամթերք. ԱԻՊԾ

Արցախի Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Մարտունու շրջանի Աշան-Նոր Շեն-Հացի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում հունվարի 13-ին նախատեսվում է չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում:

Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

«Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Մարտունու շրջանի Աշան, Նոր Շեն, Հացի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում: Պայթյունների ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել»,- ասված է հաղորդագրությունում:

ԱԻ ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է. անծանոթ առարկաներ կամ զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում անհապաղ զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911, 101, 112 կարճ հեռախոսահամարներին: