«Յութուբը» ժամանակավորապես սառեցրել է Դոնալդ Թրամփի հաշիվը

YouTube-ի ադմինիստրացիան երեքշաբթի օրը հեռացրել է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հաշվից վերջին տեսանյութը և յոթ օրով կասեցրել  է տեսանյութեր հրապարակելու և հեռարձակելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Axios պորտալը, գրել է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մանրակրկիտ ստուգումներից հետո և բռնության շարունակական հավանականության վերաբերյալ մտահոգությունների լույսի ներքո մենք հեռացրինք Դոնալդ Թրամփի ալիք ներբեռնված նոր կոնտենտը և նախազգուշացրեցինք բռնության հրահրման մասին մեր քաղաքականությունը խախտելու վերաբերյալ, – ասված է YouTube- ի հայտարարության մեջ: -Արդյունքում, մեր նախազգուշացման հիման վրա ալիքն այժմ ի վիճակի չէ ներբեռնել նոր տեսանյութեր կամ հեռարձակել ուղիղ եթեր առնվազն յոթ օրվա ընթացքում, ինչը կարող է երկարացվել»:

Ինչպես նշում է Axios- ը, YouTube-ը կասեցրել է նաև Ամերիկայի առաջնորդի ալիքում մնացած տեսանյութերը մեկնաբանելու հնարավորությունը՝ վկայակոչելով բռնություն հրահրելու հավանական ռիսկը:

Ավելի վաղ Twitter- ը հայտարարել էր, որ փակել է Թրամփի անձնական հաշիվը՝ կանոնները խախտելու պատճառով, ինչպես նաև այն մտավախությունների պատճառով, որ նա կարող է փորձել անկարգություններ հրահրել: Նա նաև զրկվել է Facebook- ում և Instagram- ում գրելու հնարավորությունից` նախքան իր լիազորությունների ավարտը: Բացի այդ, Apple-ը App Store-ից ժամանակավորապես հեռացրել է Parler միկրոբլոգների ծառայությունը, որը ճանաչված է ամերիկյան ներկայիս առաջնորդի կողմնակիցների շրջանում: