ՀՀ էկոնոմիկայի նախարարը չի գիտակցում. երբ բացվեցին սահմանները, ադրբեջանական և թուրքական էժան գյուղմթերքը կողողի Հայաստանը, իսկ հայկական գյուղմթերքը կլճանա, չի վաճառվի. Սարգիս Սեդրակյան

Մեր երկրում գյուղատնտեսության ոլորտը այսօր անտերության է մատնված, երկրի ղեկավարությունը գյուղատնտեսությունից բան չի հասկանում, երկրում գյուղատնտեսության նախարարություն են փակում, գյուղատնտեսական ՊՈԱԿ-ներ են փակում, չեն հասկանում, թե ինչ է երկրի պարենային ապահովածությունը և այլն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական ծրագրերի Քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահ և Ֆերմերային Շարժում ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը։

Նրա խոսքով՝ նախկինում թեև խնդիրներ կային, սակայն կառավարությունը ուներ երկրի զարգացման ռազմավարական ծրագիր, այդ թվում՝ գյուղատնտեսության զարգացման ռազմավարական ծրագիր, որը քննարկման էր ներկայացվում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ՀԿ-ների, ոլորտի մասնագետների հետ: Ըստ նրա՝ ճիշտ է, դժվարությամբ, բայց քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ կարողանում էին իրենց որոշ առաջարկությունները ներառել այդ փաստաթղթում՝ այն դարձնելով արդյունավետ։

«Ժողովրդավար երկրներում կառավարությունը աշխատում է քաղաքացիական հասարակության հետ միասին, հաշվի է առնում նրանց առաջարկությունները, կարծիքը։ Մեր երկրում վերջին 2,5-3 տարում հայտարարվեց ժողովրդավարության հաղթանակ, սակայն հանրության հետ հանրային քննարկումներ, առողջ բանավեճեր տեղի չունեցան, փոխարենը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ փաստաթուղթ  ներկայացնում էր, առանց քննարկման, ընդունվում էր՝ որպես հիմք»,- ասաց Սեդրակյանը:

Նրա խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտը համակարգող նորանշանակ էկոնոմիկայի նախարարը ոլորտից անտեղյակ ասում է՝ Թուրքիայի և Ադրբեջանի սահմանների բացումը շատ ձեռնտու է մեր երկրի համար, կիրականացվի ձեռնտու առևտուր, ու չի գիտակցում, որ երբ բացվեցին սահմանները, ադրբեջանական և թուրքական էժան գյուղմթերքը, մասնավորապես՝ բանջարեղենը, կողողի Հայաստանը, արդյունքում՝ հայկական գյուղմթերքը կլճանա, չի վաճառվի, քանի որ տեղական գյուղմթերքի ինքնարժեքն ավելի բարձր է ստացվում ներկրվածից:

«Թուրքիայի տարբեր հատվածներ տարբեր կլիմայական գոտիներ ունեն և այն հատվածում, որտեղ կլիման մեղմ է և ձմեռ չի լինում, այդտեղի գյուղմթերքի ինքնարժեքը շատ ցածր է ստացվում, իսկ մեր ջերմոցներում ձմեռը բավականին վառելիք են ծախսում։ Պետությունը պետք է նպաստի ներքին արտադրողների, մասնավորապես՝ գյուղացու, շահերի պաշտպանությանը, իսկ սահմանները բացելիս՝ կտուժի հայ գյուղացին, ում ապրուստի միակ միջոցը գյուղմթերք արտադրելը և սպառելն է»,- ընդգծեց նա։

Սարգիս Սեդրակյանը նշեց, որ տարիներ շարունակ մեր արտադրած կարտոֆիլով բավարարել ենք մեր երկրի պահանջմունքը, բայց հանկարծ կարտոֆիլ է ներկրվում Պակիստանից, և չգիտես, թե այդ ի՞նչ սերմ է, ինչպիսի՞ պայմաններում է աճել։ Ըստ նրա՝ ներկրվող գյուղմթերքի մի մասի որակ չի ստուգվում։

«Մեր գյուղատնտեսությանը մեծ վնաս հասցրեց նաև պատերազմը։ Մասնավորապես, Ղարաբաղի և Հայաստանի հողերը միասին ապահովում էին հացահատիկի պահանջարկի մոտ 70- 75 տոկոսը, իսկ այսօր այդ հողատարածքների մի մասը հայտնվել է թշնամու ձեռքում։ Ղարաբաղից Հայաստան էր ներկրվում բավականին քանակի անասնակեր, որի պակաս ներկրվելու դեպքում՝ անասնակերը կթանկանա, հետևաբար կթանկանա նաև նրանց արտադրանքը, և գյուղացիների մի մասը ստիպված կլինի մորթել իր անասուններին»,- նշեց նա։

Սեդրակյանի խոսքով՝շատ երկրներում այսօր կիրառում են գյուղատնտեսական առաջավոր նոր տեխնոլոգիաներ, սակայն մեր երկիրը հիմնականում գոյատևում է, մասնավորապես՝ խորհրդային տարիների հնամաշ գյուղտեխնիկայով. «Այսօր անհրաժեշտ է վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը՝ դեմքով դեպի գյուղացին, իսկ գյուղնախարարությունը պետք է ունենա հստակ ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիր, նախարարությունում պետք է աշխատեն ոլորտի փորձառու մասնագետներ, իսկ նախարարությունը պետք է աշխատի ոլորտի ՀԿ-ների հետ՝ հաշվի առնելով վերջինների կարծիքը»։