Որտե՞ղ էր պատերազմի ժամանակ Արման Սարգսյանը. ուշագրավ մանրամասներ՝ պաշտպանության փոխնախարարի մասին

ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը չի ցանկանում մեկնաբանել, թե ինչու է համաձայնել նշանակվել պաշտպանության փոխնախարարի պաշտոնում։

NEWS.am–ի հարցին, թե որտե՞ղ էր պատերազմի ժամանակ և ի՞նչ ծառայություններ է մատուցել այդ ընթացքում երկրին և պաշտպանության նախարարությանը, Սարգսյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով. «հետո կխոսենք»։  Մինչ նորանշանակ պաշտոնյան կկողմնորոշվի, NEWS.am–ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նրա նշանակումից։

Լուրեր են շրջանառվում, թե պատերազմի ընթացքում Արման Սարգսյանն իր հավատարմությունն է հայտնել Փաշինյանին՝ խնդրելով իրեն ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ նշանակել՝ խոստանալով «օպերատիվնիկի» իր փորձն օգտագործելով նախկին և ներկա պաշտոնատար անձանց վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կմտածի առաջարկի շուրջ, սակայն, հաշվի առնելով, որ խոսքը վերաբերել է առաջին հերթին իր անձնական անվտանգության պահպանությանը, վարչապետը որոշել է ռիսկի չգնալ և «դրսից» նոր մարդ չնշանակել։ Արդյունքում նախորդ տարեվերջին այդ պաշտոնում է նշանակել պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Սարգիս Հովհաննիսյանը, որը ժամանակին եղել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորում։

Փոխարենը Նիկոլ Փաշինյանը Արման Սարգսյանին առաջարկել է զբաղեցնել պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, որը արդեն երկու ամիս է՝ թափուր էր և հարուցել էր ՊՆ աշխատակազմի դժգոհությունը։ Բանն այն է, որ նախկինում պաշտպանության ոլորտին առնչվող օրենսդրական աշխատանքները համակարգում էր մասնագիտությամբ իրավաբան Գաբրիել Բալայանը, իսկ նրա հրաժարականից հետո ՊՆ-ի շարքային աշխատակիցների և վարչության պետերի վրա լրացուցիչ պարտականություններ էին դրվել, ինչի արդյունքում ՊՆ-ում, մեղմ ասած, քաոսային իրավիճակ էր։ Արման Սարգսյանին այդ պաշտոնում նշանակելով, Փաշինյանը նաև հույս ունի, որ նախկին ոստիկանապետը «օպերատիվնիկի» իր հմտությունները կօգտագործի պաշտպանական գերատեսչության ներսում հնարավոր խռովությունների մասին իրեն իրազեկելու և ռուսական կողմնորոշում ունեցող պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին «վերահսկելու» համար։