Փրկենք մեր հայրենիքը, վերադարձնենք նրանց դեպի հայրենասիրությունը, փրկենք անձնապաշտությունից և նիկոլապաշտությունից. Ռուբեն Հովհաննիսյան

Դեռ հարյուր, հազար տարի առաջ մենք ունեցել ենք մասնատվելու ու պառակտվելու խնդիր: Թուրքը, մեր պատմությունը խեղաթյուրելով, այն մատուցում է մեզ պառակտելու համար․ այս մասին մտավորականների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության հավաքի ժամանակ ասաց մշակութային գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը:

Նա մտավորականներին կոչ արեց առաջին քայլերն անել՝ մեր հասարակությունը փրկելու, մեր հասարակության միջից անձնապաշտությունը, նիկոլապաշտությունը վերացնելու համար։

«Մենք պետք է հանդես գանք մեր հոդվածներով, նմանատիպ ելույթներով, նաև փողոց դուրս գանք, և քանի որ դարձել ենք ֆեյքային և ֆեյսբուքային պետություն, սկսենք պայքար՝ ֆեյքային ֆաբրիկայի դեմ, բոլոր այն տականքների դեմ, ովքեր հայրենանվեր, ազգասեր մարդկանց անուններն են պախարակում՝ նրանց մասին մեկնաբանություններ գրելով: Մեր մեջից վերացնենք նրանց, ովքեր իրենց համարում են մտավորական, մշակութային գործիչ և այլն և հիմա հանդես են գալիս նիկոլապաշտության այդ շրջանակներում: Այս կառավարության շատ անդամներ ասում էին, որ հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է: Մեր շարքերում կան մարդիկ, որ օրեր առաջ հայտարարում էին, որ մտավորականությունը նույնպես կեղծ կատեգորիա է՝ ստեղծված սովետական միության ժամանակ: Բա ո՞րն է իրական կատերգորիան, հայրենասիրությունը՝ մեր անձնազոհությամբ, մեր մտավոր ունակության ներդրմամբ միայն մենք կարող ենք փրկել այս ազգը: Քաղաքագետները, դիվանագետները պետք է զբաղվեն արտաքին քաղաքականությամբ, եկեք աշխատեք մեր հասարությանը բուժելու համար»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ հոգևորականները, պատմաբանները, բանասերները արվեստի գործիչները իրենց գործունեությամբ պետք է փոխեն հասարակության մտածելակերպը։

«Մեր հոդվածներով, մեր աշխատանքով և ֆեյսբուքում երևացող մեր դեմքերով եկեք հավաքագրենք ժողովրդին ազգի շուրջ: Պետք է գնալ սահմաններ, այնտեղ միայն դիտում են Հ1, այլ բան չկա: Ձևավորեք աշխատանքային շտապ խումբ, կազմեք նոր ծրագրեր հոգևորականների, բժիշկների այլ ոլորտների ներկայացուցիչների հետ: Ես պատրաստ եմ մեկնելու ցանկացած կետ ՀՀ-ում․ փրկենք մեր հայրենիքը, վերադարձնենք նրանց դեպի հայրենասիրությունը, փրկենք անձնապաշտությունից և նիկոլապաշտությունից»: