Գերիների հարցի քաղաքականացումը բացարձակ անթույլատրելի է, շատ վատ է, որ գերիների վերադարձի ժամկետ չկա. Արման Թաթոյան

Ադրբեջանի քաղաքականության մեջ գերիների հարցով ակնհայտ զգացվում է այն գիծը, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը տարածվում է միայն դրանից առաջ եղած իրավիճակի նկատմամբ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Սա անթույլատրելի է, հայտարարությունը պետք է կիրառելի լինի նաև նոյեմբերի 10-ից հետո եղած իրավիճակների նկատմամբ, քանի դեռ կողմերն ունեն գերիներ, որոնք, մեծ հաշվով, կապված են այս պատերազմական գործողությունների հետ»,-ընդգծեց Թաթոյանը։

Նա նշեց, որ անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո գերեվարված 62 անձին՝ ադրբեջանցիները նշում են, թե հայկական կողմը խախտել է եռակողմ հայտարարությունը, մինչդեռ հակառակն է։

«Ադրբեջանական իշխանության մարմինները խախտել են եռակողմ հայտարարությունը, որովհետև այս պահի պրակտիկան ցույց է տալիս, որ նրանց պահվածքը հակասում է այդ հայտարարությունը ստորագրած երեք կողմերի մտադրություններին։ Գերիների հետ կապված հարցի քաղաքականացումը բացարձակ անթույլատրելի է, շատ վատ է, որ գերիների վերադարձի ժամկետ չկա, Ադրբեջանը նաև դրա վրա է հիմնվում»,-նշեց ՄԻՊ-ը։

Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ից հետո գերեվարվածներին Ադրբեջանում ներկայացնում են որպես ահաբեկիչներ, ինչն ավելի է բարդացնում նրանց վերադարձի գործընթացը, քանի որ հարուցվում են քրեական գործեր։

Թաթոյանը հայտնեց նաև, որ տվյալներ ունեն, որ մեր՝ տարիքով մեծ հայրենակիցների նկատմամբ, որոնց տարիքը բավարարում է Արցախյան առաջին պատերազմին մասնակցած լինելու տարիքային ցենզին, Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվում, և դրա վերաբերյալ կներկայացվի զեկույց ՄԻՊ-ի կողմից։

«Միջազգային  կառույցները չեն կարող հիմք ընդունել մեր այն հայրենակիցների ցուցմունքները, որոնք նրանք, բռնության, խոշտանգումների սպառնալիքների կամ հենց դրանց ներքո ստացել են մեր հայրենակիցներից։ Սրանք ներկայացնելու ենք ԱԳՆ-ին, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչներին, որ նրանք կարողանան օգտագործել»,-ասաց Թաթոյանը։

Նա ընդգծեց, որ գերիների հարցով ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են տարվում միջազգային կառույցների հետ, ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ի հետ տարվող աշխատանքին, Թաթոյանն ասաց, թե այնտեղ ՀՀ ներկայացուցչությունն ակտիվ աշխատում է։

«Օրինակ՝ մեր լիբանանահայ հայրենակցի գերության հետ կապված՝ մեր աղբյուրներով տեղեկացրին, որ նրա էջով սպառնացող նամակներ են ուղարկվել։ Դրանք թարգմանվել են ադրբեջաներենից ու փոխանցվել ՀՀ ներկայացուցիչներին, որ փախանցեն ՄԻԵԴ։ ՄԻՊ-ը իրավունք չունի ՄԻԵԴ դիմել, միջամտելու դեպքում կարող ենք վնասել գործին»,-նշեց նա։

Անդրադառնալով զոհված զինծառայողների, գերիների և անհետ կորածների հստակ թվերը չհրապարակելուն՝ Թաթոյանն ասաց, թե այդ հարցով պարզաբանումներ են պահանջելու համապատասխան մարմիններից։