Սեփականության հետ կապված հիմնարար խնդիր կա. Արման Թաթոյան

Խաղաղ բնակիչները ոչ միայն զրկվել են սեփական ապրուստը հոգալու հնարավորությունից և լուրջ խնդիրների առաջ են կանգնած, այլև տնտեսական գործունեության հնարավորությունից են զրկվել այն դեպքում, երբ այդ վայրերում իրականացրել են խոշոր ներդրումներ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով սահմանային անվտանգությանը։

Սեփականության հետ կապված հիմնարար խնդիր կա․ այս պահին Ադրբեջանինը համարվող տարածքում մնացել են հողամասեր, հողատարածքներ և սեփական տներ, որոնց սեփականության վկայականները տրվել են Խորհրդային Հայաստանի մարմինների կամ Հայաստանի անկախ մարմինների կողմից տարբեր ժամանակահատվածներում։ «Հարց է առաջանում՝ նախկինում ինչպե՞ս են իրականացվել այդ հատկացումները»,-նշեց նա։

Նա ներկայացրեց, թե որ համայնքից որքան հողատարածք է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Օրինակ՝ Տեղ խոշորացված համայնքում բնակիչները զրկվել են 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն հանդիսացող հողատարածքներ օգտագործելու հնարավորությունից։ Որոտան գյուղի դեպքում բնակիչները մոտավոր հաշվարկով զրկվել են 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներն օգտագործելու հնարավորությունից։ Ընդ որում, Որոտանի դեպքում 18-20 այգեգործական տնակներ կան, որոնք կառուցված են այն հողերի վրա, որոնք Հայաստանի գործուղման որոշումներով են հատկացվել մարդկանց»,-նշեց նա։

Նրա տեղեկացմամբ՝ Ագարակ գյուղում բնակիչները զրկվել են մոտավոր հաշվարկով 60 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ օգտագործելու հնարավորությունից, Եղվարդում՝ 110 հեկտար վարելահողից, 50 հեկտար արոտավայրից, Ճակատենում՝ 50 հեկտար վարելահողից։

Նրա խոսքով՝ նույն խնդիրն առկա է նաև Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքներում։

ՄԻՊ-ը կարևորեց, որ պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանում ոչ միայն չի դադարել, այլև զարգանում է հայատյացության, թշնամանքի քաղաքականությունը՝ սկսած  Ադրբեջանի ղեկավարի հռետորաբանությունից, ինչն առավել է ընդգծում սահմանային անվտանգության խնդիրը։