Պերուի դատարանը Սորոսին, Գեյթսին և Ռոքֆելլերին անվանվանել է կորոնավիրուսային համաճարակի «ստեղծողներ»

Հարավային Իկայի շրջանի Չինչա և Պիսկո նահանգների վերաքննիչ դատարանը հայտարարել է «աշխարհը իշխող հանցավոր էլիտաների» ներգրավվածության մասին՝ նոր տեսակի կորոնավիրուսային համավարակի ստեղծման մեջ: Դատարանի անդամները նման հայտարարություն են արել իրենց որոշումներից մեկում, որի պատճենը երկուշաբթի օրը իր կայքում հրապարակել է Peru.21 թերթը, գրել է ՏԱՍՍ գործակալությունը:

«Համաշխարհային կառավարություններից ոչ մեկը, ոչ մի ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ոչ էլ ամբաստանյալի պաշտպանական կողմը չեն կարող հաստատել, որ համաճարակը «կանխատեսելիության» հատկություն ունի, բացառությամբ դրա ստեղծողների, որոնք նոր աշխարհակարգ ստեղծողներից են, ինչպիսիք են Բիլ Գեյթսը, Սորոսը, Ռոքֆելլերը և մյուսները՝ ծայրահեղ գաղտնիության պայմաններում իրենց գլոբալ ընկերությունների կողմից կառավարելով և ուղղորդելով այն, կանխատեսումներ անելով մինչև 2030 թվականը»,- ասված է դեկտեմբերի 21-ի  փաստաթղթում:

Գործն ինքնին վերաբերում էր ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձի պաշտպանական կողմից ավելի վաղ կայացված դատավճռի դեմ բողոքարկմանը, համաձայն որի`նախնական կալանքի ժամկետը երկարացվել էր: Փաստաբանների խոսքով՝ դատավորների որոշմամբ  խախտվել է իրենց հաճախորդի մոտիվացիոն որոշման իրավունքը և դատական ​​պաշտպանության իրավունքը: «Գործի էական փաստարկների փոխարեն նրանք սպեկուլյատիվ բնույթի մեղադրանքներ են առաջադրել», – RPP ռադիոյին ասել է փաստաբան Ռենցո Ռիեգան:

Համաճարակի սկսվելուց ի վեր աշխարհում շուրջ 90,3 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 1,9 միլիոն մարդ մահացել է: