Ադրբեջանցիները` ՀՀ քաղաքացու անձնագրերով, ազատորեն շրջում են Հայաստանում. սա Հայաստանի՞ ԱԱԾ-ն է, թե թշնամու…

Հայաստանում կան և ազատորեն շրջում են ՀՀ քաղաքացու անձնագրերով հայախոս ու ռուսախոս ադրբեջանցիներ, որոնք մեր երկիր են ներթափանցել հաստատ ոչ բարեկամական նպատակներով և, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներ կամ գործակալներ են` մեր երկրում հատուկ գործողություններ իրականացնելու առաջադրանքով:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայություն» կոչված մարմինը փոխանակ վերոնշյալ ադրբեջանցիներին բացահայտելու, հայտնաբերելու, ձերբակալելու, հարցաքննելու, պարզելու, թե նրանք ումից, որտեղից և ինչպե՞ս են ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերել, նյութեր նախապատրաստելու, քրեական գործ հարուցելու, 2020թ. պատերազմի ընթացքում, ըստ իրավաբան, հետախուզության ու հանցագործությունների վերլուծության մասնագետ Հայկ Մամիկոն Սարգսյանի (https://livenews.am/press/2020/78049/21/17/16 ), իր աշխատակիցների միջոցով ՀՀ տարածքում ուղեկցել է  Հայաստան մուտք ու ելք արած 20 թուրքական բեռնատարների:

«Իրավապահ» մեկ այլ մարմին` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, փոխանակ նույնպես բացահայտելու, հարցաքննելու ադրբեջանցիներին ՀՀ քաղաքացու անձնագիր տված պետական պաշտոնյաներին, որոնց վերաբերյալ եղել է հաղորդում, նյութեր նախապատրաստելու, քրեական գործ հարուցելու, 2020թ. դեկտեմբերի 11-ին հայտարարեց, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանի հայտարարությունների հետ կապված ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` սուտ մատնության դեպքի առթիվ»: Դատելով ամենից, հարուցված քրեական գործը շինծու է, ՀՔԾ-ն Գառնիկ Իսաղուլյանի նկատմամբ քրեականի վերածած քաղաքական հետապնդում է իրականացնում (տես նաև մեր «ՀՔԾ-ն և իրավապահ այլ մարմիններ վերածվել են Փաշինյանի ու ներկայիս հանցավոր վարչախմբի քաղաքական կեղտոտ գործիքի» վերտառությամբ հրապարակումը ):

Հիշեցնենք, որ «Հայելի» մամուլի ակումբում 2020թ. նոյեմբերի 23-ին հրավիրված ասուլիսի ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանը հայտարարել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն իր նշանակած անձնագրային բաժանմունքի պետերի միջոցով հայկական անձնագրեր է բաժանել ազգությամբ ադրբեջանցիների:

Ադրբեջանցիներին տրված ՀՀ քաղաքացու անձնագրերի մասին Գառնիկ Իսաղուլյանից բացի, հայտնել են նաև Հայկ Մամիկոն Սարգսյանը և ուրիշներ: Ադրբեջանցիների հայկական անձնագրերի առնչությամբ հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը «Ֆեյսբուք»-ի իր էջում մասնավորապես գրել է.

«Երևանում ակտիվորեն լուրեր են տարածվում, որ քաղաքում բռնել են մի քանի ադրբեջանցիների, որոնք ազատ շրջում էին հայկական մայրաքաղաքով, խոսում հայերեն և նույնիսկ ունեն հայկական անձնագրեր,-  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:- Ես չգիտեմ, թե որքանով է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը: Բայց կարծում եմ, որ նրանց բավական են, և պատերազմի ժամանակ նրանք էլ նրանք եղել են:

Ե՛վ պատերազմի ժամանակ, և՛ հենց հիմա Երևանում կային և կան ադրբեջանցիներ՝ Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ Ալի Նագիևի գերատեսչությունից: Մի մասը ներթափանցել է դեռ պատերազմից առաջ, և նրանց անձնագրերը լիովին իրական են: Մի մասը փորձում է ներթափանցել և հիմա, և հնարավոր է, որ դա նրանց արդեն հաջողվել է Լաչինի միջանցքի «անցքի»‰ շնորհիվ, որտեղ լիարժեք անձնագրային հսկողություն չկա, և առանձնապես դժվար չէ հայկական մեքենայով մուտք գործել Հայաստան ՝ անցակետում գտնվող զինվորներին ցույց տալով կամ կեղծ, կամ լիովին իրական հայկական փաստաթղթեր: -Երկրի անձնագրային սեղանների բոլոր պետերի բյուրեղային ազնվությանը ես խիստ կասկածում եմ: Եվ բացի այդ, կարծում եմ, ադրբեջանցիները հարյուրավոր հայկական անձնագրեր զավթել են իրենց գրաված բնակավայրերում` ԼՂՀ ոստիկանության բաժանմունքներից, բանկերից, զորամասերից: Եվ մեքենան էլ կարող է լիովին հայկական լինել. Հադրութում և Շուշիում մնացել են հայկական համարանիշերով ոչ քիչ մեքենաներ:

Ինչո՞ւ է Ադրբեջանը Հայաստան համառորեն նետում գործակալներին… Այնքան ակնհայտ է. երկրում իրավիճակի մոնիթորինգի, լրտեսության, դիվերսիաների և պատվիրված սպանությունների ու սադրանքների համար»:

Ծանոթներիցս մեկն օրերս պատմեց, թե ինչպես վերջերս մի քանի անծանոթ ու թիկնեղ տղամարդիկ ավտոմեքենայով մտնելով Կոտայքի մարզի գյուղերից մեկը, փողոցում պատահած երեխաներին ռուսերենով հարցրել են, թե որտեղ է Ախունդով (Փյունիկ) գյուղը, ինչպես կարելի է այնտեղ գնալ, և իմանալով իրենց հետաքրքրող տեղեկությունն ու շատ գոհանալով, երեխաներին իրենց շնորհակալությունը հայտնել են նրանց բավական մեծ գումար տալով:

Ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը` Արեգ Հ.-ն, «Ֆեյսբուք»-ի նամականիով գրեց ինձ․

«Այսօր Հայաստանում հազարներով ազերիներ կան: Աղջիկս ասում է, որ չենջի փոխանակման կետում ամեն օր տասնյակներով գալիս են թուրքի անունով իան վերջավորությամբ անձնագրերով և ռուսերեն կցկտուր են խոսում, թուրքի ակցենտով

Ահավոր վիճակ է»:

Հարցրեցի` գոնե 1-2 պատճենն ունե՞նք…

Պատասխանեց, որ աղջկա գլխավերևում տեսախցիկ կա, ինքն այնտեղից որևէ թուղթ հանելու իրավունք չունի, ողջ օրը հսկում են:

Գրեց ինձ, որ «աղջիկ է, պատկերացնում ես, մի թուղթ տպի հանի, ԱԱԾ-ի ձեռքից չի պրծնի», և հավելեց` «Ես երբ իմիջայլոց ասցի, երեխաս զգաց, զգուշացրեց, որ անհնար բան եմ խնդրում»:

Հարցրեցի` կարո՞ղ է մեսենջերով խոսել… Պատասխանեց, որ հարմար չէ և վերջում էլ գրեց. «Դա տարբերակ չէ, ես երեխուս հարվածի տակ չեմ դնի»:

Մտածեցի` բա այն ծնողները, որոնք իրենց երեխաներին իրենց հետ Արցախ տարան պատերազմի, և նրանք, որոնք թույլ տվեցին գնալ, չմտածեցի՞ն իրենց երեխաներին հարվածի տակ չդնելու մասին, թե կային ավելի բարձր արժեքներ, ինչպես, օրինակ, հայրենիքը, որոնցով առաջնորդվեցին նրանք: Բայց միայն դա չէ, որ մտածեցի ու մտածում եմ…

Այս ո՞ւր ենք հասել և այս ի՞նչ երկրում ենք ապրում, այս ողջ ընթացքում ԱԱԾ-ն ինչպե՞ս է գործել և ի՞նչ անգործություն է դրսևորել, մասնավորապես` պետական դավաճանության համար Նիկոլ Փաշինյանին չձերբակալելով, որ շարքային քաղաքացին ԱԱԾ-ի մասին մտածում և արտահայտվում է, ինչպես կմտածեր և կարտահայտվեր Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության պարագայում: Բա Հայաստանի քաղաքացին խստորեն վտանգված ՀՀ ազգային անվտանգության համար կարևոր նշանակության տեղեկություն ունենա, բայց վախենա ու խուսափի՞ այն հիմնավորող փաստաթղթերի պատճենների հրապարակայնացումից` համոզվածությամբ, որ այդ դեպքում իր աղջիկն ԱԱԾ-ի ձեռքից չի պրծնի… Եվ սա` նույնիսկ աչքի առաջ ունենալով իր երկրում ՀՀ քաղաքացու անձնագրերով ադրբեջանցիների առկայության և ազատորեն շրջելու հանգամանքը, մի օր իր կամ աղջկա կոկորդը կտրելու կամ մի ահաբեկչություն իրականացնելու վտանգը: Եվ այս պարագայում ինչպե՞ս չհարցնել` սա Հայաստանի Հանրապետությա՞ն ԱԱԾ-ն է, թե թշնամու ԱԱԾ-ն…

«ՀՀ ազգային անվտանգության ծառայություն» կոչված մարմնի ղեկավարությունը գոնե հասկանո՞ւմ է, որ պետական լրջագույն, ամենապատկառելի մարմնի հեղինակությունը ու նրա հանդեպ քաղաքացիների վստահությունը շրիշակի մակարդակի է հասցրել… Գուցե հասկանում է, բայց դա բնավ նրա հոգը չէ, և հիմա ԱԱԾ-ի միակ ու սրբազան, կներեք` պիղծ խնդիրը պետական դավաճան Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անվտանգության ապահովումն է:

ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՏԱԼՈւ:

 

Արթուր Հովհաննիսյան