Մեր հարաբերությունները, անկասկած, եղել են և շարունակում են դաշնակցային լինել բոլոր առումներով․ Պուտին

Ռուսաստանն ու Հայաստանը, չնայած անցած տարվա դժվարություններին, ավելացրել են փոխադարձ ապրանքաշրջանառությունը, իսկ հարաբերությունները Մոսկվայի և Երևանի միջև շարունակում են դաշնակցային մնալ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ուզում եմ ասել, որ մեր հարաբերությունները, անկասկած, եղել են և շարունակում են դաշնակցային լինել բոլոր առումներով»,- ասել է Վլադիմիր Պուտինն՝ ընդգծելով, որ ՌԴ-ն և Հայաստանը մտերիմ գործընկերն են բազմաթիվ միջազգային կազմակերպություններում:

«Այսօր շատ ենք խոսել տնտեսության մասին, այս առումով կցանկանայի նշել, որ չնայած անցյալ տարվա բոլոր դժվարություններին՝ նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ավելացրել ենք ապրանքաշրջանառությունը 3.9 տոկոսով»,- նշել է ՌԴ ղեկավարը:

Վերջինս հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման շրջանակներում երկրներն այնպիսի որոշումներ կկայացնեն, որոնք օգտակար կլինեն հայ ժողովրդի, պետության և ռուս-հայկական հարաբերությունների համար:

Հիշեցնենք, որ Պուտին-Փաշինյան առանձնազրույցին նախորդել է եռակողմ հանդիպումը, որին ներկա է եղել Իլհամ Ալիևը: Եռակողմ հանդիպման արդյունքում կողմերը համատեղ հայտարարություն են հրապարակել, որով նախատեսվում է աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի տարածաշրջանում տնտեսական ճանապարհների ապաշրջափակման հարցերով: