ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խումբն իր առաջին նիստը կանցկացնի մինչև հունվարի 30-ը․ ՏԱՍՍ

Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբն իր առաջին նիստը կանցկացնի մինչև հունվարի 30-ը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարությանը:

«Աշխատանքային խումբը մարտի 1-ին երեք երկրների ղեկավարներին կներկայացնի տարածաշրջանում տրանսպորտի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման գրաֆիկը»,- ասվում է հայտարարության մեջ:

ՌԴ նախագահն, իր հերթին, վստահություն է հայտնել, որ ԼՂ հարցով համաձայնագրերի իրականացումը օգտակար կլինի Երևանի և Բաքվի համար:

«Վստահ եմ, որ այս համաձայնագրերի իրագործումն օգտակար կլինի ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովրդի համար, անկասկած օգտակար կլինի տարածաշրջանի համար, ընդհանուր առմամբ, ինչը նշանակում է օգտակար կլինի նաև ՌԴ շահերին»,- ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում բանակցություններ են տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև, որոնք տևել են մոտ 4 ժամ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են ռազմագերիների փոխանակմանը, տնտեսական ենթակառուցվածքներին, խաղաղապահ առաքելության գործողություններին և հումանիտար խնդիրներիկարգավորմանն առնչվող հարցերը:

Հանդիպման ավարտին Փաշինյանը հայտնել է, որ հնարավոր չի եղել այսօր լուծել ռազմագերիների հարցը, սակայն կողմերը պայմանավորվել են շարունակել ռազմագերիների փոխանակման ուղղությամբ տարվող աշխատանքները: Վերջինս նշել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոյի հարցը նույնպես դեռ չի կարգավորվել: