Պուտինի, Փաշինյանի և Ալիևի բանակցությունները Մոսկվայում շարունակվել են ավելի քան 3 ժամ. «ՌԻԱ Նովոստի»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ շարունակվում է ավելի քան 3 ժամ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հիշեցնելով, որ Ալիևն ու Փաշինյանը Մոսկվա են ժամանել այսօր առավոտյան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունը, հանդիպումն անցկացվում է Պուտինի նախաձեռնությամբ:

Կրեմլում անցկացվող բանակցությունների մեկնարկին Պուտինը շնորհակալություն է հայտնել հայ և ադրբեջանցի գործընկերներին Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության իրագործման և տարածաշրջանում առկա խնդիրների հետագա կարգավորման հարցում պատրաստականության համար:

«Այսօր կարևոր է ընդգծել կարգավորման առանցքային ուղղություններով արվելիք հետագա քայլերը, որոնք նշված են անցյալ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ: Նկատի ունեմ ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությանը, դեմարկացիոն գծերին, հումանիտար խնդիրների լուծմանը, մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցերը»,- ասել է Պուտինը: