Բիձինա Իվանիշվիլին ընդմիշտ հեռանում է քաղաքականությունից

Վրաստանում կառավարող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ընդմիշտ հեռանում է քաղաքականությունից, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

«Այսօր գոյություն ունեցող բոլոր քաղաքական սուբյեկտների թվում կառավարող թիմն իսկապես լավագույնն է և այլընտրանք չունի: Համոզված եմ, որ այդ մարդկանց կազմով թիմը կկարողանա արժանի կերպով փոխարինել իմ աշխատանքը, հեղինակությունը և հմտությունները: Հենց այդ պատճառով կարծում եմ, որ իմ առաքելությունն իրագործվել է: Ես որոշում եմ ընդունել վերջնականապես հեռանալ քաղաքականությունից և ամբողջությամբ թողնել կառավարման ղեկը: Ես հեռանում եմ կուսակցության նախագահի պաշտոնից, մասնավորապես, կուսակցությունից և վերադառնում եմ իմ նախկին ապրելակերպին, որն ունեցել եմ մինչև 2011 թվականը… Քաղաքականությունից հեռանում եմ որպես հաղթող, հպարտության և ժողովրդին երախտապարտ լինելու զգացումով»,-Իվանիշվիլին գրում է Վրաստանի ժողովրդին հղած իր ուղերձում: