«Վերելք» միությունն իր անվստահությունն է հայտնում ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը․«Վերելք» միության հայտարարությունը

«Վերելք» միությունն իր անվստահությունն է հայտնում ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը։ Համակարծիք ենք հայաստանյան իրավաբանական հանրույթի այն եզրահանգմանը, որ հակասահմանադրական է վարչապետի կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքային ամբողջականությունը խախտող փաստաթղթերի միանձնյա ստորագրումը, ապա նաեւ դրանց կյանքի կոչումը: Իրականացվող սահմանագծման և սահմանազատման հապճեպ և միակողմ, այսինքն՝ միայն Ադրբեջանի կողմից լիազորված անձանց ներկայությամբ իրականացվող գործողությունները սպառնում են մեր պետության անվտանգային համակարգին:

Մենք հայտնում ենք, որ ՀՀ գործող վարչապետը, ով քանիցս խախտել է ՀՀ օրենքները և, ըստ ամենայնի, գտնվում է ակնհայտ հոգեպես անկայուն վիճակում, ում մեղքով Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կրել են մարդկային, ռազմական, տարածքային և բարոյական մեծ կորուստներ, իրավասու չէ ստորագրել մեր երկրի և ժողովրդի համար որոշիչ հանդիսացող որևէ միջազգային փաստաթուղթ՝ անկախ դրա ձևից, նշանակությունից և բովանդակությունից:

Մենք նաև հայտնում ենք մեր անվստահությունը ՀՀ Գլխավոր Դատախազությանը՝ օրինախախտ և սահմանադրախախտ վարչապետի, հայ ժողովրդին բարոյահոգեբանական, տնտեսական վնասների ու բռնության ենթարկած պաշտոնատար անձանց հանդեպ պատիժ չկիրառելու համար: