Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Ազգային փոքրամասնությունների օր

ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, որը վարում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը,  հավանություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած նախագծին՝ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես Ազգային փոքրամասնությունների օր: «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ հանձնաժողովի՝ հունվարի 11-ի նիստում:

«Առաջարկում եմ օրենքը լրացնել նոր հոդվածով. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր՝ նշվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը: Ճիշտ է Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, սակայն այնուամենայնիվ, ՀՀ-ում ապրում է շուրջ 11 ազգային փոքրամասնություն և Հայաստանի ազգային փոքրամասնությունները տարբեր ժամանակներում տարբեր դերակատարություն են ունեցել ՀՀ-ի կյանքում: Եվ կարծում եմ՝ անհրաժեշտ է, որ ազգային փոքրամասնությունների առանձին օր նշվի Հայաստանում»,-ասաց Բաքոյանը:

Պատգամավորի խոսքով՝ գոյություն ունի ազգային փոքրամասնությունների խորհուրդ, և այդ խորհուրդը աշնան սկզբին ազգային փոքրամասնությունների հետ անպայման որևէ մշակութային տոն է նշում: Եվ խորհրդի հետ քննարկելով է պատգամավորն առաջարկել տոնը նշել սեպտեմբերի վերջին շաբաթ օրը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը նշեց, որ կոնկրետ օր ամրագրելով՝ ավելի պարտավորված կլինեն տարբեր մշակութային միջոցառումների համատեքստում ավելի մեծ ուշադրություն դարձնել հենց ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության ճանաչելիության բարձրացմանը: