Հեռախոսազանգին պատասխանել են ադրբեջանցիները. ՄԻԵԴ-ը հաստատում է, որ Մարալը գտնվում է Ադրբեջանում՝ նրան գերեվարել են

Մարալն Արցախ վերաբնակեցման ծրագրով էր գնացել, բնակվում էր Բերձորում։ Պատերազմը սկսվելուց հետո ժամանակավորապես տեղափոխել էր Գորիս։ Նոյեմբերի 10-ին մեկնել էր Բերձոր՝ անձնական իրերը բերելու, ետդարձի ճանապարհին մտել են Շուշի վարորդի՝ Վիգեն Էուլջեկչյանի իրերը վերցնելու։

Analitik.am-ի հետ զրուցում Մարալի քույրը՝ Անի Նաջարյանը, հաստատեց քրոջ գերևարվելու փաստը։

Ըստ քրոջ խոսքերի, Մարալի ընտանիքը բնակություն է հաստատել Բերձորում դեռ ամիսներ առաջ։ Նոյեմբերի 10-ին նա գնացել է անձնական իրերը Բերձորից տեղափոխելու, ինչից հետո կապի դուրս չի եկել։ Ավելի ուշ, հեռախոսազանգերին պատասխանել են ադրբեջանցիները։

Մարալը երկքաղաքացի է՝ Լիբանանի և Հայաստանի։

Անի Նաջարյանը դիմել է Միջազգային կարմիր խաչի կազմակերպությանը, Արցախի Մարդու Իրավունքների պաշտպանին, Ազգային անվտանգության ծառայություն, Պաշտպանության նախարարությանը, Եվրադատարան, Լիբանանի արտաքին գործերի նախարաություն։

Եվրադատարանը հաստատել է, որ Մարալը գտնվում է Ադրբեջանում՝ որպես գերի, բայց ոչ մի լուր դեռ չկա իր առողջական վիճակի մասին։

«Եվրադատարանից ասել են, որ իրավասու չեն զբաղվել գերիների փոխանակման հարցով, միայն կարող են ասել՝ արդյոք տվյալ մարդ գերի է, թե՝ ոչ։ Իսկ փոխանակումը կարող է պաշտպանության նախարարությունն անել, ինչպես նաև՝ Կարմիր Խաչը»։

Մարալի քույրն օրեր առաջ կրկին փորձել է կապ հաստատել՝ նորություն իմանալու համար, սակայն՝ դեռ ոչ մի լուր։

Լուսանկարում վարորդ Վիգեն Էուլջեկչյանն է