Իշխանությունները զրկում են քաղաքացիներին տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքից

Հայաստանում տեղեկատվական կոլապս է։ Պետական գերատեսչությունները գրեթե չեն մեկնաբանում երկրում տեղի ունեցող իրադարձությունները, քաղաքական որոշ գործիչներ էլ հարցազրույցներ են տալիս միայն իրենց նախընտրած լրատվականներին։ Տպավորություն է ստեղծվում, որ նման քայլով քաղաքական գործիչները խուսափում են անհարմար հարցերից։

ԶԼՄ-ները տարանջատելու և թիրախավորելու առումով մշտապես աչքի են ընկնում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Աժ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, վերջերս նման քայլով աչքի ընկավ ԱԺ պատգամավոր Միքայել Զոլյանը և այլք։ Այս անձիք ոչ միայն տարանջատում են ԶԼՄ֊ները, այլև պաշտոնյաներին ոչ հարիր արտահայտություններ են թույլ տալիս լրատվականների և լրագրողների հասցեին։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է նման պահվածքը։ Նման կերպ իշխանությունները զրկում են քաղաքացիներին տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքից։ Նման պահվածքը հանգեցնելու է տեղեկատվական ճգնաժամի: Ինֆորմացիոն պատերազմի ժամանակ լրատվության բացակայությունը կամ թերի ներկայացումը շահեկան է միայն թշնամական կողմին։ Կոչ ենք անում առավել պատասխանատու մոտենալ խնդրին ու համագործակցել լրատվամիջոցների հետ: