Պատմության ընթացքում եկեղեցին եկեղեցուց արտաքսել է անձերի, որոնք շատ ավելի նվազ վնաս են հասցրել երկրին. Արշակ Սրբազան

Չափազանց տխուր մտածումներով ենք պաշարված, բայց Սուրբ Ծննդյան տոնը լավատեսություն է ներշնչում մեզ, որ մղձավանջը, տկարությունը, ողբերգությունը կհաղթահարենք։ Այս մասին այսօր՝ հունվարի 7-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հոգեհանգստյան կարգ մատուցելուց հետո news.am-ի փոխանցմամբ լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Աղթոքը մի ճանապարհ է, որով մենք կարողանում ենք հաղորդակցվել մեր ննջեցյալների հետ։ Թող Աստված հանգստություն տա բոլոր ննջեցյալներին՝ նախեւառաջ մեր նորօրյա պատերազմում զոհված նահատակների հոգիներին, այլեւս բոլոր ննջեցյալների հոգիներին։ Այս արարողությունների ընթացքում մենք նորոգվում ենք, նախ հաղորդում ենք մեր ննջեցյալների հետ, երկրորդը անդրադառնում ենք նաեւ մեր ապագային. սա մի ճանապարհ է, որը յուրաքանչյուր մահկանացու անցնելու է»,- ասաց Արշակ Սրբազանը։

Անդրադառնալով երեկ մատուցված Սուրբ պատարագին, որին  պետական այրերը ներկա չէին, Արշակ Սրբազանն արձագանքեց, որ դա պետական պաշտոնյաների որոշումն է. «Մենք այսօրվա իրավիճակով պայմանավորված հրավերներ և շնորհավորանքներ չենք ուղղել Սուրբ Ծննդյան առիթով և հետևաբար նման սպասում էլ չկար, որ երկրի բարձրաստիճան ղեկավարությունը պետք է մասնակցի հրավերին ընդառաջ։ Իրենց որոշումն է եղել, մենք եկեղեցու մուտքը որևէ մեկի առջև չենք փակում, քանի դեռ նա եկեղեցու հետ հաղորդակցությունից զրկված չէ։ Կարծում եմ, որ բացատրությունները պետք է փնտրել իրենց պատասխաններում»։

Հարցին՝ արդյոք դա դիտարկվո՞ւմ է որպես արհամարհանք եկեղեցու նկատմամբ, Արշակ Սրբազանը շեշտեց, որ եկեղեցու նկատմամբ արհամարհանք ոչ ոք չի կարող դրսևորել.

«Ես չեմ կարող որևէ բացատրություն տալ այդ առնչությամբ, միայն կարող եմ ասել, որ եկեղեցու նկատմամբ արհամարհանք չի կարող դրսևորել ոչ ոք։ Համենայնդեպս եկեղեցին այն հաստատությունը չէ, որի նկատմամբ որևէ մեկը կարող է մտածել, որ որևէ մեկ կարող է արհամարհանք դրսևորել։ Եկեղեցու բնույթի առանձնահատկություններից ելնելով՝ արհամարհանքն ինքնաբերաբար վերադարձվում է։ Նույնն է, որ արհամարհանք դրսևորես Աստծո նկատմամբ»։

Անդրադառնալով վերջին շրջանում եկեղեցու դեմ արշավանքներին, Արշակ Սրբազանը նշեց, որ այդպիսի երևույթներ նկատվել են.

«Առիթ ունեցել եմ ասելու, որ, այո, քայլեր դիտվել են՝ ուղղված եկեղեցուն։ Երբեմն դա հակում կար բացատրելու հետհեղափոխական էյֆորիայի պրոցեսներում, հակում կար իշխանության որոշ ներկայացուցիչների մոտ դրսևորված մեղմ ասված՝ եկեղեցու նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքով, երբեմն դա փորձում էին ներկայացնել որպես մասնավոր եկեղեցականների դեմ ուղղորդված քայլեր։ Դժվարանում եմ ամբողջական բացատրություն գտնել այդ քայլերին, բայց որ այդպիսի երևույթներ նկատվեցին, կարծում եմ՝ անզեն աչքով էլ նկատելի էր»։

Անդրադառնալով տարածված այն լուրին, թե Սուրեն Պապիկյանն է ուղղորդում եկեղեցու դեմ շարժումը, Սրբազանը դժվարացավ պատասխանել. «Տեսել եմ այդ տեղեկատվությունը, բայց դժվարանում եմ՝ հաստատել կամ հերքել։ Միայն կարող եմ ասել, որ որոշ պետական պաշտոնյաներ իրենց մասնավոր էջերում տարածում էին թե եկեղեցու, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ինչ-որ ակտեր իրականացնելու վերաբերյալ քարոզչություն»։

Հարցին, ըստ իրեն, ինչո՞ւ իշխանությունը պետք է դեմ լինի եկեղեցուն, Սրբազանն ասաց. «Վկայութուն չունեմ ասելու, որ դա կենտրոնացված ուղղորդմամբ իրականացվում է։ Կարող է այդպիսի տպավորություն ստեղծվել հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական այդ պաշտոնյաները, որոնք այդպիսի քարոզչություն իրականացրել են, որևէ պատասխանատվության չեն ենթարկվել։ Կարող եմ ենթադրել, որ որոշակի քաջալերանք կա»։

Լրագրողի դիտարկմանը, որ եկեղեցին դժվարին ժամանակներում պետության կողքին է եղել, և հարցին՝ արդյոք հիմա պատրա՞ստ է եկեղեցին կանգնել պետության կողքին, Սրբազանը պատասխանեց, որ պետության ներկայացուցիչներն անգամ պետականության գոյության պայմաններում պետք է փորձեն եկեղեցու հետ ինստիտուցիոնալ լուծումներ գտնել.

«Եթե մենք խոսում ենք պետության գործառույթները ստանձնելու՝ եկեղեցու հանձնառության մասին, ապա եկեղեցին պետական գործառույթներ ստանձնելու առումով նման հանձնառություն չի կարող իրականացնել, որովհետև ունենք պետություն։ Այլ խնդիր է, որ ընդհանրական առումով պետական մեր այրերը, պետության ներկայացուցիչները անգամ պետականության գոյության պայմաններում պետք է փորձեն եկեղեցու հետ ինստիտուցիոնալ լուծումներ գտնել, որպեսզի ցանկացած նման ճգնաժամային իրավիճակներում եկեղեցին կարողանա փոխարինել պետությանը, պետական գործառույթներ ստանձնել, եթե այդպիսի անհհրաժեշտություն կա, որովհետև ազգապահպանական գործառույթը միայն պետությանը չէ վերապահված, պետությունը չէ միակ երաշխավորը ժողովրդի կենսունակության ու հարատեւության ապահովման համար։ Պետության ու եկեղեցու միջև պետք է ձեւավորել ոչ թե այնպիսի մթնոլորտ, որը տպավորություն ձևավորի, որ մրցակցային է, այլ այդ հարաբերությունները պետք է հենվեն գործակցային տրամաբանության վրա։ Կարծում եմ՝ նման ճնգնաժամային իրավիճակները մեզ հստակ ուղերձ են հղում, որ մենք պետք է շատ լրջորեն զբաղվենք եկեղեցու և պետության հարաբերությունների ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելու ուղղությամբ»։

Անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարական ներկայացնելու հորդորին և Սիսանում հոգեւորականի՝ վարչապետի ձեռքը չսեղմելուն, նա նշեց, որ ինքն էլ է պահանջում վարչապետի հրաժարականը.

«Դա չպետք է դիտարկել անձի նկատմամբ վերաբերմունքի արտահայտություն, պետք է դիտարկել Հայաստանում ստեղծված վերջին ճգնաժամային իրավիճակի մեջ, և թիվ մեկ պատասխանատուի ունեցած թերությունների անկարողության հետևանք։ Մեր պատմության ողջ ընթացքում եկեղեցին եկեղեցուց արտաքսել և եկեղեցուց դուրս է դրել այնպիսի անձերի, որոնք շատ ավելի նվազ վնաս են հասցրել երկրին, ժողովրդին, քան այս իրավիճակում այն անձը, որը կրում էր թիվ մեկ պատասխանատվությունն այս գործնթացներին։ Չափազանց անհասկանալի կլիներ հանրային տեսանկյունից, եթե եկեղեցին որպես դիտորդ մնար այս իրավիճակում, իսկ ինչը վերաբերում է մեր համոզումներին՝ ուղղակի հնարավոր չէր չարձագանքել այդ երևույթին»։