Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները շարունակում են ականազերծել տարածքը

Ռուսաստանի ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը Արցախի տարածքն ականազերծելու ուղղությամբ:

Ստեփանակերտի արվարձաններն ականազերծելու և մաքրելու ընթացքում խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը և եղանակային ցանկացած պայմաններում հնարավորություն են ստեղծում պահպանել տարածքի մաքրման բարձր տեմպը:

2020 թվականի նոյեմբերի 23-ից իրականացվող գործողության ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են շուրջ 427 հա տարածք, 160,8 կմ ճանապարհ, 617 բնակելի շենք, այդ թվում՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել է 19600 պայթյունավտանգ իր:

Հայտնաբերված պայթուցիկ օբյեկտները և չպայթած զինամթերքը հանվում ու ոչնչացվում են հատուկ վայրում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները պահպանելով:

Ռուս խաղաղապահների օգնությամբ պատերազմից տուժած տարածքներում շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: