Փաշինյանը պարգևներ է հանձնել տարվա 10 լավագույն մարզիկներին

«Մեծ սպորտում հաջողությունները շատ կարևոր են մեր ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու և զարգացնելու համար». վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է 2021 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևներ է հանձնել տարվա 10 լավագույն մարզիկներին՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին, Վարազդատ Լալայանին, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին, բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովին, Դավիթ Չալոյանին,ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանին, շախմատիստուհի Էլինա Դանիելյանին: Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոն Էլինա Դանիելյանը, այս օրերին Վարշավայում անցկացվող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցելով պայմանավորված, ներկա չէր միջոցառմանը։ Նրա փոխարեն պարգևատրմանը մասնակցել է Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանը։