ՌԴ արտիստներն ամանորյա ծրագիր են ներկայացրել խաղաղապահների և Մարտակերտի շրջանի բնակիչների համար. ՌԴ ՊՆ

Ամանորի նախաշեմին ՌԴ Հյուսիսային նավատորմի երգի-պարի համույթի արտիստները ամանորյա նոր ծրագրով ելույթ են ունեցել ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների և Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի բնակիչների համար, տեղեկացրել է ՌԴ ՊՆ։

Ամանորի և սուրբծննդյան տոներին համույթի արտիստները ելույթ կունենան Լեռնային Ղարաբաղի բոլոր 27 դիտակետերում, ինչպես նաև Լաչինի միջանցքի դիտակետերում և կշնորհավորեն Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների բնակիչներին, երեխաներին Ռուսաստանից նվերներ ու հուշանվերներ կհանձնեն։

Լեռնային Ղարաբաղում կրակի և ռազմական գործողությունների դադարեցումը վերահսկելու համար տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ։ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հրադադարի ռեժիմ է սահմանվել, և Լեռնային Ղարաբաղում բոլոր ռազմական գործողությունները դադարեցվել են։