Սահակաշվիլուն հոսպիտալից վերադարձրել են բանտ. «Ռուսթավի-2»

Հատուկ ուղղիչ ծառայությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն Գորիի զինվորական հոսպիտալից վերադարձրել է Ռուսթավի թիվ 12 բանտ, որտեղ նրան սկզբնապես տեղավորվել էին ձերբակալելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», հաղորդել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:

Սահակաշվիլիի տեղափոխումը պլանավորվել էր դեռ դեկտեմբերի 27-ին, բայց ուղղիչ ծառայությունն այն հետաձգել էր նախկին նախագահի առողջական վիճակի վատթարանալու պատճառով: Ինչպես պատմել է Սահակաշվիլին, ինքը կորցրել է գիտակցությունն այն բանից հետո, երբ դիմադրություն է ցույց տվել նրանց, ովքեր փորձել են իրեն զինվորական հոսպիտալից տանել:

«Այդ մարդիկ կոնկրետ առաջադրանք են ստացել այն մասին, որ Սահակաշվիլին պետք է Ամանորը դիմավորի բանտում, և նրանք կատարում են դա»,-հոսպիտալի մոտ լրագրողներին ասել է նախկին նախագահի զինակից, «Միասնական ազգային շարժում» խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Լևան Խաբեիշվիլին:

Նա հիշեցրել է Սահակաշվիլիի խոսքը, որն ավելի վաղ հայտարարել է, թե ինքը կվերսկսի հացադուլը, եթե իրեն հոսպիտալից տանեն բանտ: Հատուկ ուղղիչ ծառայությունն առայժմ հայտարարություն չի արել: Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտարարել է, որ, բժիշկների եզրակացության համաձայն, նախկին նախագահն արդեն ապաքինվել է, ուստի նա պետք է վերադառնա բանտ: Սահակաշվիլու զինակիցները, նրա փաստաբանները և անձնական բժիշկը պնդում են, որ նախկին նախագահին դեռևս բուժում է հարկավոր: Միխեիլ Սահակաշվիլին նոյեմբերի 20-ից բուժընթաց է անցնում 50-օրյա հացադուլից հետո, որը նա հայտարարել էր ձերբակալության օրը՝ հոկտեմբերի 1-ին: Նա ձերբակալվել է երկու դատավճիռների հիման վրա, որոնք նրա նկատմամբ կայացվել էին հեռակա կարգով: Նա դատապարտվել է վեց տարվա բանտարկության, հաղորդել է Sputnik-ը: