Շատ մեծ ջանքեր պահանջվեցին, որ կարողացանք անցնցում հաղթահարել 2021-ը․ Փաշինյան

2021 թ․ հետպատերազմյան հետևանքների արտահայտման տարին էր, և մեզնից շատ լուրջ ջանքեր պահանջվեցին, որ  ՀՀ-ում և նրա շուրջ իրավիճակը կարողանանք պահել կառավարելի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 30-ին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք սրտի,  2021-ի մեկնարկին մենք հենց այդպիսի խնդիր ունեինք, ինչը բնականաբար չէինք ցանկանա, բայց նաև այդպիսին էր իրողությունը: Պետական կառավարման համակարգից շատ մեծ ջանքեր պահանջվեցին, որ կարողանանք անցնցում հաղթահարել ներքին իրադրության բերումով 2021-ը:

Իհարկե, արտաքին  միջավայրում մենք շատ լուրջ խնդիրներ ունեցանք և շարունակում ենք ունենալ: 2021-ի մայիսից սկսած Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ներխուժման փաստը, նաև նոյեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպը էլ ավելի են ընդգծում անվտանգային միջավայրում մեր ունեցած խնդիրները: Ես առաջարկում եմ, որ մենք հիմա մեկ րոպե լռությամբ հարգենք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: