«Փխրուն գործընթաց է. կողմերի միջև շատ քիչ վստահություն և մեծ կասկածներ կան». Դմիտրի Պոլյանսկին՝ հայ-թուրքական կարգավորման մասին

Ռուսաստանը ողջունում և աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունները։ Այդ մասին Anadolu գործակալության թղթակցին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

Դիվանագետի խոսքով, երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների վերականգնումից «ամբողջ աշխարհը կշահի»։

«Մենք լավ գործընկերներ ենք ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի հետ»,- ասել է Պոլյանսկին՝ նշելով, որ Ռուսաստանը նպաստել է տարածաշրջանի երկրների միջև տնտեսական կապերի հաստատմանը։

«Այս գործընթացը շատ փխրուն է, և կողմերի միջև շատ քիչ վստահություն և մեծ կասկածներ կան: Այսպիսով, մենք պետք է դա հաղթահարենք»,- եզրափակել է Պոլյանսկին: