Ստեփանակերտում սնկի արտադրության և վերամշակման ընկերություն կգործի

Սոցիալական ձեռնարկատիրական կրթությունն Արցախում» ծրագրի շրջանակներում ֆինանսավորում է ստացել Սամվել Գրիգորյանի «ARTsakh’s GReeN Garden» ՍՁ գաղափարը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ս. Գրիգորյանն ասաց, որ այն հանդիսանալու է սնկի արտադրության և վերամշակման ընկերություն. հիմնվելու է սոցիալական ձեռնարկատիրություն, որից ստացված շահույթի 50+N%-ը ուղղվելու է համայնքային սոցիալական որոշակի խնդիրների լուծմանը։

«44-օրյա պատերազմը փոխեց բոլոր նպատակներս ու երազանքներս. գաղափարը հենց դրա հետևանքների հեռանկարային արդյունքն է։ Անհրաժեշտություն կար նոր մասնագիտություն ձեռք բերելու, մոտիվացվելու և առավել քան երբևէ ստեղծված իրավիճակում ավելի ակտիվ լինելու՝ մնալու հայրենիքում, քո ներդրումն ունենալու նրա շենացման, զարգացման և հզորացման գործում։ Եվ, ուսանելով Սոցիալական Ձեռներեցների դպրոցում, հասկացա, որ հենց այս գաղափարախոսության միջոցով կարող ենք հասնել մեր բոլոր նպատակներին. ապագան պատկանում է սոցիալական ձեռնարկատիրությանը», – պատմել է Ս. Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ գաղափարն իրականացնելու է վերջերս ստացած ոչ մեծ, բայց անհրաժեշտ ֆինանսական աջակցությամբ և սեփական միջոցներով ու ռեսուրսներով։

«Սկզբնական շրջանում կսկսեմ փոքր ծավալով, հետագայում արդեն աստիճանաբար կմեծացնեմ, որի ճանապարհին ակնկալում եմ խորհրդատվական, նյութական, մասնագիտական աջակցությունը մեր այն հայրենակիցների, ովքեր մտահոգված են մեր հայրենիքի կայուն զարգացմամբ, շենացմամբ, հասարակության կենսակերպի բարելավմամբ և հզորացմամբ», – հավելել է Ս. Գրիգորյանը։

«Սոցիալական ձեռնարկատիրական կրթությունն Արցախում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՀ կառավարության, «Սոցիալական Ձեռներեցների դպրոց»-ի և Գավառի պետական համալսարանի «Յունուս կենտրոն»-ի հետ համատեղ։