Հյուսիսային նավատորմի երգի և պարի համույթը ժամանել է Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի երգի և պարի համույթի արտիստները շնորհավորել են ռուսական խաղաղապահ զորախմբին Լեռնային Ղարաբաղի հեռավոր դիտակետերում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Համույթի գեղարվեստական անձնակազմը նոր ստեղծագործական ամանորյա ծրագիր է ներկայացրել ռուս խաղաղապահների համար։ «Այսօր մենք շնորհավորում ենք մեր խաղաղապահների Ամանորը։ Նրանց համար բերել ենք Հյուսիսային նավատորմի երգի և պարի համույթի համերգը, ինչպես նաև նվիրել մեր հայրենիքից մի փոքրիկ հատված՝ տոնածառ։ Համույթի համերգները կտևեն մինչև ամանորյա տոների ավարտը։ Մենք յուրաքանչյուր զինծառայողի կշնորհավորենք և կհանձնենք նրանց ամանորյա նվերներ»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոլյուխովիչը։

2022 թվականի Ամանորի նախաշեմին Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ծառայության և տեղակայման վայրերում ընդունվում են շնորհավորանքներ և ամանորյա նվերներ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներից, հասարակական կազմակերպություններից և հիմնադրամներից։

«Մենք ուրախ ենք, որ այստեղ ենք՝ թեև երկար ժամանակ պահանջվեց հասնելու համար, և երբ պատրաստվում էինք գալ, երկար մտածում էինք՝ ինչ բերել, քանի որ հիմնականում համույթի երգացանկը հայրենասիրական բաղադրիչ ունի։ Բայց մտածելով, որ Ամանորի նախաշեմին մենք չենք կարող երգել լուրջ բովանդակության երգեր, մենք որոշեցինք մի փոքր զանազանեցնել երգացանկը»,-ասել է Հյուսիսային նավատորմի երգի և պարի համույթի տնօրեն Դմիտրի Ակմանովը:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին համույթի կոլեկտիվը ելույթ կունենա Լեռնային Ղարաբաղի բոլոր 27 դիտակետերում ռուս խաղաղապահների և Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների բնակիչների համար, ինչպես նաև մարդասիրական ակցիայի շրջանակում Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցում, կշնորհավորեն 6-15 տարեկան երեխաներին։

«Այսօր մեզ մոտ եկավ Հյուսիսային նավատորմի երգի-պարի համույթը։ Մենք լավ հանդես եկանք, մեզ դուր եկավ: Հրամանատարի տեղակալը մեզ տոնածառ նվիրեց։ Նրանց գալով մենք զգացինք, որ մոտենում է Նոր տարին»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Սկորոբոգատովը։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ է առաքվել տոնական բեռ՝ տոնածառեր և տոնածառի զարդարանք, սննդի և հիգիենայի պարագաներ, հրուշակեղեն և քաղցրավենիք, անձնական շնորհավորանքներ (նամակներ և բացիկներ) Հայրենիքի պաշտպաններին։