Իսրայելը պատերազմի է ձգտում Իրանի դեմ…

Անցած շաբաթվա ընթացքում, կարծում ենք, աշխարհը ևս մի միկրոնով մոտեցել է համաշխարհային աղետին: Մենք առաջարկում ենք որպես ելակետ ընդունել դեկտեմբերի 20-ը. այս օրը, ինչպես գրում է իսրայելական «The Jerusalem Post» թերթը, Իսրայելի ռազմական հետախուզության նախկին ղեկավար, գեներալ-մայոր Թամիր Հայմանը հաստատել է Թել Ավիվի մասնակցությունը`Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ նշանակության «Ղոդս» ուժերի նախկին հրամանատար գեներալլեյտենանտ Քասեմ Սոլեյմանիի սպանությանը։ Հիշեցնենք, որ Իրանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Ք.Սոլեյմանին զոհվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանում՝ ԱՄՆ-ի կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով… Այսպիսով, իսրայելցի Թամիր Հայմանը հայտարարեց Ք. Սոլեյմանիի սպանությանը հրեաների մասնակցության մասին «Մալամ» ամսագրին տված հարցազրույցում, որը հրատարակում է Իսրայելի հետախուզության հիշողության և ժառանգության կենտրոնը։ Սա առաջին դեպքն է, երբ իսրայելցին հաստատում է իր մասնակցությունը Սոլեյմանիի դեմ կատարած գործողությանը։ Այս ահաբեկչական սպանության մասին Հայմանը հայտարարել է. «Սոլեյմանիի սպանությունը շատ նշանակալի էր, քանի որ մեր գլխավոր թշնամին Իրանն է… Հազվադեպ է լինում գտնել բարձրաստիճան մեկին, ով միաժամանակ լինի ցամաքային օպերատոր, ռազմավար և մարտիկ… Մենք ճնշել ու խափանել ենք բազմաթիվ ուղիներ և հնարքներ, որոնցով նրանք փորձել են զենք և փող տեղափոխել, և այս ամենի նպատակն է թույլ չտալ, որ իրանցիները ոտքի տեղ ունենան Սիրիայում»:

Անմիջապես նկատենք, որ Սոլեյմանիի մահը չի ազդել Սիրիայի հետ կապված Իրանի գործողությունների ուղղության վրա. զենքերը շարունակում են հոսել այս երկիր, և իրանական հատուկ ջոկատայինները օգնություն են ցուցաբերում սիրիացիներին, իսկ շիա կամավորները ամբողջ աշխարհից շարունակում են ամրապնդել իրենց դիրքերը Սիրիայում: Սակայն փաստը մնում է փաստ. Իսրայելը խոստովանել է, որ ԱՄՆ-ի հետ ներգրավված էր գեներալ-լեյտենանտ Ք. Սոլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության մեջ: Պետք է ասել, որ Իրանում ոչ ոք չզարմացավ այս խոստովանությունից. Թեհրանն ի սկզբանե Բաղդադի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության մեջ վստահաբար մեղադրում է ԱՄՆին և Իսրայելին։ Սակայն «The Jerusalem Post»-ում հրապարակումից անմիջապես հետո Իրանի դատական ​​համակարգի ղեկավարի տեղակալ և մարդու իրավունքների շտաբի գլխավոր քարտուղար Քասեմ Ղարիբաբադին հայտարարեց, որ Իրանա-իրաքյան համատեղ դատական ​​խմբի շրջանակներում բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Թեհրանում  առաջիկա օրերին։ «Երկօրյա հանդիպման ընթացքում Իրանի և Իրաքի բարձրագույն դատական ​​պատվիրակությունները կքննարկեն գեներալ Սոլեյմանիի սպանությունը ութ այլ համախոհների հետ միասին,- ասել է Ղարիբաբադին:- Հետաքննությունները ներառում են երկու պետություններում կատարվող հետաքննությունների վերջին բացահայտումները, բոլոր մակարդակներում ամերիկացի մեղադրյալների դերը և հետաքննության նոր ոլորտները: Երկու կողմերն էլ կկիսվեն կարևոր տեղեկություններով»։ Դեկտեմբերի 23-ին, ինչպես հաղորդում է Mehr News-ը, նա հայտարարել է, որ Իրանը և Իրաքը համատեղ հայտարարություն են ստորագրել գեներալ-լեյտենանտ Ք. Սոլեյմանիի և իրաքցի (շիա հրամանատար) Աբու Մահդի ալ-Մուհանդիսի սպանությունը հետաքննելու նպատակով ստեղծված համատեղ կոմիտեի երկրորդ հանդիպման ժամանակ։ Ի դեպ, Իսրայելի մասնակցությունն այս ահաբեկչությանը չի ազդել Սիրիայում Իրանի քայլերի վճռականության վրա․ Ք. Ղարիբաբադիի հայտարարություններից մի քանի օր առաջ ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչության դեսպան և գործերի ժամանակավոր հավատարմատար Զահրա Էրշադին ՄԱԿ անվտանգության խորհրդից պահանջել է ստիպել Իսրայելի ռեժիմին դադարեցնել սիրիական Գոլանի բարձունքի օկուպացիան և անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Սիրիայի դեմ ծավալած ագրեսիան:

Բայց Իսրայելի պատասխանը Ք. Ղարիբաբադիին և Զ. Էրշադիին վկայում է սիոնիստների ոչ ադեկվատության մասին։ Իսրայելի ռազմաօդային ուժերի նոր հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարը մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել «Yediot Aharonot» թերթին տված հարցազրույցում, որը հաղորդվել է դեկտեմբերի 22-ին: Թոմեր Բարը կդառնա Իսրայելի օդուժի հրամանատար 2022 թվականի ապրիլին, իսկ Վիեննայում Իրանի և մեծ տերությունների միջև բանակցությունների ձախողման դեպքում, ինչպես գրված է լրատվամիջոցներում, նա պատրաստ է հրաման տալ՝ հարվածներ հասցնել Իրանին: «Պետք է ենթադրել, որ դա տեղի կունենա իմ օրոք, և իմ ուսերն արդեն գիտակցում են պատասխանատվության բեռը»։ Նրա խոսքով՝ Իսրայելը վաղուց պատրաստ է իրավիճակի զարգացման նման սցենարին. «Այն պահից, երբ ես այստեղ նստեցի Ուժերի պլանավորման տնօրինության ղեկավարի մոտ, և շտաբի պետը խոսեց ինձ հետ՝ «երրորդ շրջանի» (այսինքն՝ Իրանը) առաքելությունը այնտեղ էր… Մենք զրոյից չենք սկսում։ Մենք զինվել ենք F-35-ով, նրանք չգիտե՞ն ինչպես հասնել «երրորդ շրջան»: Մենք հազարավոր «Երկաթյա գմբեթներ» ենք գնել բազմաշերտ պաշտպանության համար»: Իբր, դա ամենը այն պատճառով է, որ «Իսրայելը պատրաստ է ռազմական ճանապարհով կանխել Իրանում միջուկային զենքի ստեղծումը»։

Նշենք. Թել Ավիվի ռազմատենչ սպառնալիքներն ու հայտարարությունները գալիս են այն ֆոնին, որ ՄԱԳԱՏԷ-ն ևս մեկ անգամ ճանաչել է միջուկային զենք արտադրելու Իրանի մտադրության բացակայությունը և Վիեննայում կայացած բանակցություններում ընդգծել է Իրանի կառուցողականությունը…

Նույնիսկ ԱՄՆ-ի և Իսրայելի դաշնակից երկրում՝ Պակիստանում տեղական «Express Tribune» թերթը գրում է, որ իսրայելական ռեժիմի մասնակցությունը գեներալ Ք. Սոլեյմանիի սպանությանը «Վաշինգտոնի և Թել Ավիվի՝ աշխարհում պատերազմ հրահրելու համար համատեղ պլանի նշան է՝ Իսրայելի շահերը պաշտպանելու համար»։ Անգամ Պակիստանն է ընդունում, որ «գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանության մասին սիոնիստների խոստովանությունը մեղադրանք է Իսրայելի դեմ, և Իրանն իրավունք ունի հատուցում փնտրել և վրեժ լուծել»։ Եվ զարմանալի չէ, որ ի պատասխան իսրայելցիներ Թամիր Հայմանի ու Թոմեր Բարի հայտարարությունների՝ Իրանը միանշանակ պատասխաններ է տվել: Սկզբում Խաթամ ​​ալ-Անբիա բազայի կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Գոլամ-Ալի Ռաշիդը սպառնացել էր ռազմական պատասխան տալ՝ Իրանի վրա Իսրայելի հարձակման դեպքում, հաղորդում է Mehr News-ը. «Իրանի Իսլամական Հանրապետությունը սիոնիստական ​​ռեժիմից անհնար կլինի առանց ԱՄՆ-ի կանաչ լույսի և աջակցության… Եթե նման սպառնալիքներն իրականություն դառնան, Իսլամական Հանրապետության զինված ուժերը անմիջապես և վճռականորեն կգրոհեն բոլոր կենտրոնները, հենակետերը, երթուղիները և տարածքները, որոնք օգտագործվում են ագրեսիա իրականացնելու համար»: Իսկ դեկտեմբերի 24-ին, մեկնաբանելով «Մեծ մարգարե-17» զորավարժությունները, Իրանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին ասաց, որ զորավարժություններն անցկացվել են ի պատասխան Իսրայելի սպառնալիքների. «Այս զորավարժությունների ընթացքում տարբեր հարթակներից արձակված բոլոր՝ 16 հրթիռները ճշգրիտ խոցել են թիրախը»։ Նրա խոսքով՝ զորավարժությունների ընթացքում ցուցադրվել է Իրանի հրթիռային ներուժի միայն մի մասը։ Իսկ ԻՀՊԿ հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, ընդհանուր առմամբ, սպառնացել է Իսրայելին ռազմական պատասխանով. «Եթե այս ռեժիմի պաշտոնյաները ինչ-որ գժություն անեն, մենք նրանց ձեռքերը կկտրենք»:

Վերոնշվածներից որն իրականում կիրագործեն Իսրայելն ու Իրանը, մենք չենք պարտավորվում կանխատեսել։ Սակայն Թել Ավիվի հռետորաբանությունը հուշում է, որ Իսրայելը՝ բառացիորեն, պատերազմ է ուզում:

Սերգեյ Շաքարյանց