Ընդլայնվում է միջազգային կառույցների հետ ՍԱՏՄ համագործակցության շրջանակը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հանդիպել է Եվրամիության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EA-GATA) ծրագրի թիմի ղեկավար Պասկալ Բոկկերսի հետ: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ը:

Հանդիպման նպատակն էր քննարկել ծրագրի շրջանակներում Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի կարողությունների զարգացմանն օժանդակելու հնարավորությունները: Դա ենթադրում է Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող մասնագետ տեսուչների վերապատրաստման, ինչպես նաև կառույցին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցություն:

Գեորգի Ավետիսյանը կարևորել է ծրագրի դերը՝ նշելով, որ մեր երկիրն ունի մեծ ներուժ կանաչ գյուղատնտեսության զարգացման համար: ՍԱՏՄ ղեկավարը խոսել է այս ոլորտի հայաստանյան օրենսդրությունը առկա միջազգային իրավական համակարգերին մոտարկելու մասին և հավաստիացրել, որ սննդամթերքի անվտանգությունը վերահսկող կառույցը պատրաստ է իր գործառույթների շրջանակում անել հնարավորը ծրագրի արդյունավետ իրականացման համար:

Պարոն Բոկկերսը ներկայացրել է «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի բաղադրիչները, դրանցում թրեյնինգների և տեխնիկական աջակցության հնարավորությունների առկայությունը, ինչպես նաև իրազեկման արշավների կազմակերպմանն աջակցելու իրենց պատրաստակամությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության շրջանակն ու առանձին բաղադրիչներն առավել մանրամասն քննարկել աշխատանքային կարգով:

Տեղեկացում. Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող, և Ավստրիայի զարգացման գործակալության ու, մասամբ, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից համաֆինանսավորվող և իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EA-GATA) ծրագիրը Հայաստանում աջակցում է կայուն, օրգանական ու նորարարական ագրոբիզնեսին՝ նպատակ ունենալով նպաստել մեր երկրում գիտահեն, բարձր արդյունավետությամբ աշխատող, մրցունակ գյուղատնտեսության կայացմանը: