Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժվեց։

Պաշտպանները որպես գրավի չափ սահմանել էին 30 մլն ՀՀ դրամը։

Գործն արդեն դատաքննության փուլում է: Դատարանն անցել է գործում առկա ապացույցների ուսումնասիրությանը։

Նախորդ դատական նիստին Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը հրաժարվել էր Առուշ Առուշանյանի դեմ տված մեղադրական բնույթի ցուցմունքից` հայտնելով, որ սուտ ցուցմունք է տվել:

Ավետյանն նշել էր, որ իր ղեկավարած գյուղի բնակիչների նկատմամբ նույնպես ճնշում է եղել, որ հայտարարեն, թե Առուշանյանն իրենց ընտրակաշառք է տվել, նշել էր նաև, որ ինքը սատարել է «Հայաստան» դաշինքին և իրականացրել է քարոզարշավ՝ օրենքի տառին համապատասխան։

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների (որին ինքը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով) նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ՝ ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպաններն էլ այդ քրեական գործերը որակում են որպես քաղաքական հետապնդում Առուշանյանի նկատմամբ։