Արցախում դանակը հասել է ոսկորին, այո, նույնիսկ Արայիկ Հարությունյանը…

Նիկոլ ազգադավի և հողատուի ս. թ. դեկտեմբերի 24-ի հայտարարությունները, որոնցով նա կասկածի տակ է դրել Արցախի հայկական ապագան, կասկածի տակ դրել կամ նվազեցրել Արցախի սուբյեկտայնությունը, արդեն լցրել են ոչ միայն Արցախի հասարակության, այլև քաղաքական վերնախավի համբերության բաժակը, ինչն այսօր մասամբ արտահայտվեց Արցախի Ազգային ժողովի, երեկ էլ նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարություններով:

Ինչպես արդեն հայտնի է, Արցախի Ազգային ժողովն այսօր հանդես գալով «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին» հայտարարությամբ  արտահայտելով Արցախի Հանրապետության հանրային և քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը, իր անհամաձայնությունն ու վրդովմունքն է հայտնել դեկտեմբերի 24-ին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին պատասխանելու ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի մի շարք վնասակար և վտանգավոր ձևակերպումների և արտահայտած գաղափարների առթիվ:

Ինքնին հասկանալի է, որ «անհամաձայնությունն ու վրդովմունքն» այս դեպքում շատ մեղմ է ասված, պարզապես քաղաքական էթիկետը, ինչպես նաև Արցախի և Հայաստանի ղեկավար շրջանակների միջև առկա հարաբերությունների նրբությունն ու դրանք չվտանգելու կամ առավել չփչացնելու հրամայականը ստիպել են Արցախի ԱԺ-ին «վրդովմունք» բառի փոխարեն «զայրույթ» բառը չգործածել և, ընդհանրապես, առավել խիստ չարտահայտվել:

Արցախի Ազգային ժողովի գնահատմամբ, Նիկոլի վնասակար և վտանգավոր ձևակերպումները և արտահայտած գաղափարներն Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգներ և մարտահրավերներ են պարունակում, անթույլատրելի են ու հանդիսանում Ղարաբաղյան հիմնախնդրի տարեգրության ողջ ընթացքում պարբերաբար շրջանառվող, Ղարաբաղյան հիմնախնդրի էությունը խեղաթյուրող ու նենգափոխող, հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորման գործընթացը բարդացնող ու խճճող հայտարարություններից վերջինը:

«Տարակուսելի է, որ վերջին նման հայտարարությունը հնչել է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ դեկտեմբերի 24-ին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին պատասխանելու ընթացքում»,- նշված է Արցախի ԱԺ այսօրվա հայտարարության մեջ:

Այստեղ էլ մենք ենք մեր անհամաձայնությունը հայտնում Արցախի ԱԺ-ի վերոնշյալ հայտարարությանը, քանի որ Նիկոլ ազգադավի և հողատուի տվյալ հայտարարությունը ոչ թե տարակուսելի, այլ միանգամայն սպասելի էր նրանից, և այդ մասին առաջիններից մեկը հենց Արցախի Ազգային ժողովը պետք է իմանար, ընդ որում, իր ներկայիս կազմով ձևավորման հենց առաջին օրվանից:

Նիկոլը եթե այդ հայտարարությամբ հանդես չգար, Նիկոլը չէր լինի, քանի որ նրա` իշխանության գալու իմաստը կամ առավել կարևոր նպատակներից մեկն Արցախի և Հայաստանի համար այդպիսի վնասակար և վտանգավոր ձևակերպումներ, գաղափարներ արտահայտելն է, ավելի ճիշտ, ոչ միայն արտահայտելը, այլև իր եղբայրների` «բարեկիրթ» Ալիևի և Էրդողանի հետ միասին դրանք իրականության վերածելը, Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելը և ոչ միայն…

Անվիճելի է, որ Հայաստանի ոստիկանական բռնապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հանդիսանալով Ադրբեջանի և Թուրքիայի ազդեցության գործակալ, ավելին` լինելով մեկը, որին պետական դավաճանության մեջ մեղադրելու բազմաթիվ հիմքեր  ու փաստեր  կան` արդեն իսկ հրապարակված (ընդ որում, դեռ մասամբ…), խնդրո առարկա հայտարարություններով իր հերթական ծառայությունն է մատուցել Արցախին և Հայաստանին, ողջ հայությանը թշնամի ադրբեջանաթուրքական տանդեմին:

«Մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ 1988 թ. ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման արդյունքների ֆոնին հնչեցվում են ձևակերպումներ, որոնք կասկածի տակ են դնում 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակված և միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան ձևավորված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության գոյությունը և նրա տևական պայքարը միջազգային ճանաչման հասնելու ուղղությամբ»,- նշված է Արցախի ԱԺ-ի հայտարարության մեջ:

Արցախի խորհրդարանն այսպիսով փաստել է, որ Նիկոլն իր հայտնի ձևակերպումներով ոտնձգել է Արցախի Հանրապետության անկախությանը, ինքնիշխանությանը, գոյությանը և միջազգային ճանաչման հասնելու ուղղությամբ նրա տևական պայքարին, ընդ որում, ընդգծենք, դարձյալ ի շահ Ադրբեջանի:

«Բանակցային գործընթացում տարբեր տարիների քննարկված աշխատանքային տարբերակների և բանակցային ձևաչափի հնարավոր փոփոխման մասին շահարկումները մտահոգիչ և վտանգավոր են։

Անընդունելի ենք համարում Արցախի հայկականությունը կասկածի տակ դնող և հնարավոր օտար տարրերի ներկայության կարևորությունը ընդգծող հայտարարությունները, որոնք մերժելի ու պարսավելի են Արցախի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հազարավոր հայորդիների հիշատակի դիմաց»։

Իր հայտարարության այս մասով Արցախի Ազգային ժողովն, ըստ էության, արձանագրել է Արցախի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հազարավոր հայորդիների հիշատակի նկատմամբ Նիկոլի թույլ տված սրբապղծությունը:

«Հայկական երկու հանրապետությունների եղբայրական փոխհարաբերությունների հիմքում տարիներ շարունակ անխափան գործել է դեռևս 1992թ. հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ընդունած որոշումը, որը հստակ սահմանել է միջազգային հանրության լիիրավ անդամ Հայաստանի Հանրապետության վերաբերմունքը միջազգային ճանաչման ձգտող Արցախի Հանրապետության նկատմամբ,- նշված է Արցախի խորհրդարանի հայտարարության մեջ, որն առավել ծավալուն է և հարկ է ամբողջությամբ ընթերցել:- Այդ որոշմամբ ՀՀ-ը պարտավորվում է «հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը»: Սահմանվում է նաև, որ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Այս բանաձևն արդիական է նաև այսօր:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, վերահաստատելով Արցախի ժողովրդի և իշխանությունների դիրքորոշումը Արցախի Հանրապետության ինքնիշխանության և անկախության հարցում, հայտարարում է՝

անընդունելի է առանց Արցախի իշխանությունների տեսակետը հաշվի առնելու դիրքորոշում հայտնելը, քանի որ Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունները» (ընդգծումները` մերը)։

Արցախի ԱԺ-ն հայտարարության այս մասով ակնարկել կամ, ըստ էության, ցույց է տվել Նիկոլի կողմից Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշման խախտումը, տվյալ որոշմամբ ՀՀ-ի ստանձնած վերոնշյալ պարտավորությունից շեղումը, քանի որ ն Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողի վնասակար և վտանգավոր ձևակերպումները, արտահայտած գաղափարները ոչ թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը սատար կանգնել են, այլ ճիշտ հակառակը:

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Նիկոլի վերջին հայտարարություններին և դրանց առթիվ մտահոգություններին, երեկ էլ կարևոր դրույթներ պարունակող հայտարարությամբ  է հանդես եկել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Իհարկե՛, այդ հայտարարությունը նրան չի ազատում 44-օրյա պատերազմում, դրանից առաջ և հետո իր մասով կատարվածի համար առաջիկա պատասխանատվությունից, բայց, այնուհանդերձ, Արցախի Հանրապետության անվտանգության, պետականության ու շահերի պաշտպանության տեսանկյունից գնահատելի է: ԱՀ նախագահի հայտարարությունում մասնավորապես նշված է.

«Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: Ուստի, միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից:

  1. Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման նպատակը մեր հիմնական ուղենիշն է, և դրանից շեղում չի կարող իրեն թույլ տալ ոչ մի իշխանություն: Ուստի, Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ ու որևէ կերպ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ:
  2. Ոչ միայն կարգավիճակի, այլ նաև ժողովրդագրական առումով վերադարձ անցյալին չի կարող լինել: Ի՞նչ համատեղ բնակության մասին է խոսքը, եթե Ադրբեջանը շարունակում է իր հասարակությանը սնել հայատյացությամբ և պատրաստել ոչ թե խաղաղության, այլ՝ Արցախի հայաթափման: Իհարկե, մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ ենք այդ ուղղությամբ ջանքեր գործադրել, սակայն մեր ժողովրդի կենսական իրավունքները, շահերն ու պահանջմունքները սակարկելի չեն:
  3. Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի առնվազն այն տարածքներում, որտեղ 1991թ. հռչակվել է Արցախի Հանրապետությունը: Ուստի, մեր բռնազավթված տարածքները պետք է ապաբռնազավթվեն և մեր հայրենակիցները պետք է կարողանան վերադառնալ իրենց հայրենի տներ:
  4. Ինչ վերաբերում է Արցախի անվտանգությանը, ապա մենք շարունակելու ենք մեր ջանքերը Պաշտպանության բանակի կարողությունների ամրացման ուղղությամբ, իսկ ՌԴ խաղաղապահ զորակազմը պետք է մնա Արցախում կայուն ու անժամկետ կերպով՝ մինչև հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորումը և անվտանգության միջազգային լրացուցիչ երաշխիքների տրամադրումը»:

Հետաքրքիր է` ինչպե՞ս է պատկերացնում Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի կարողությունների ամրացման ուղղությամբ Արցախի ղեկավարության ջանքերի շարունակման վերաբերյալ իր խոստման կատարումը, եթե Նիկոլ ազգադավն առաջիկայում համաձայնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտնի ու չչեղարկված պահանջին` «Զանգեզուրի միջանցքում» Հայաստանի սահմանային ու մաքսային հսկողության դիմաց Ադրբեջանի կողմից հայելային սկզբունքով սահմանային ու մաքսային հսկողության իրականացում Լաչինի միջանցքում:

Եթե վաղն Ադրբեջանը Լաչինի միջանցքում սահմանային ու մաքսային հսկողություն իրականացնելով, չթույլատրի Հայաստանից զենքի, զինամթերքի, ռազմական տեխնիկայի ու նույնիսկ դրանց պահեստամասերի տեղափոխումն Արցախ` համարելով Լեռնային Ղարաբաղն իրենը, Պաշտպանության բանակի կարողություններն ամրանալո՞ւ են, թե ճիշտ հակառակը, որքա՞ն է կարողանալու գոյատևել այդ բանակը…

 

Արթուր Հովհաննիսյան