Հարրիսը Ռուսաստանին սպառնացել է «աննախադեպ» պատժամիջոցներով Ուկրաինայի պատճառով

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսը հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Ռուսաստանին կարող են սպառնալ նոր պատժամիջոցներ։

CBS հեռուստաալիքի եթերում նա ասել է, որ Վաշինգտոնը համաձայնեցնում է իր դիրքորոշումը դաշնակիցների հետ և այն ներկայացնում է Ռուսաստանի իշխանությունների ուշադրությանը։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք ուղղակիորեն խոսում ենք Ռուսաստանի հետ: Մենք շատ հստակ ասում ենք, որ Ռուսաստանը չպետք է ոտնձգություն կատարի Ուկրաինայի ինքնիշխանության դեմ, որ մենք պաշտպանում ենք նրա տարածքային ամբողջականությունը»,- ասել է Հարրիսը՝ պատասխանելով այն հարցին, թե Եվրոպայում առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում «թեժ պատերազմ» կսկսվի՞։

Փոխնախագահի խոսքով՝ Վաշինգտոնը «հասկացրել է, որ պատրաստ է կիրառել այնպիսի պատժամիջոցներ, որոնք նրանք նախկինում չեք տեսել»։

Արևմտյան լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները վերջին ամիսներին պնդում էին, որ Մոսկվան զորքեր է կենտրոնացրել Ուկրաինայի հետ սահմանին: Ինչպես նշել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանն իր զինված ուժերը տեղափոխում է իր տարածքում և իր հայեցողությամբ, դա ոչ մեկին չի սպառնում և չպետք է անհանգստացնի: Մոսկվան ընդգծել է, որ «ռուսական ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ սահմանամերձ շրջաններում ՆԱՏՕ-ի կոնտինգենտի ստեղծման համար։

Արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Դոնբասում ավելացել է արևմտյան հրահանգիչների թիվը։ Նրա կարծիքով, նման գործողությունները կարող են ուկրաինական իշխանություններին հրահրել «ռազմական արկածախնդրության», ինչը ուղղակի սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար։

Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Կիևը Դոնբաս է ուղարկել 125 հազար զինվոր և սպա, այսինքն՝ Ուկրաինայի զինված ուժերի ողջ անձնակազմի կեսը։

Ինչպես բազմիցս ընդգծել է Վլադիմիր Պուտինը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և Ուկրաինայում հարձակողական զինատեսակների տեղակայումը Մոսկվայի համար կարմիր գծեր են:

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պատրաստակամություն են հայտնում քննարկել փոխադարձ մտահոգությունները և տարբեր ձևաչափերով խորհրդակցություններ են նախապատրաստում։