Մարտունու արհեստագործական ուսումնարանում աստիճանաբար վերացնում են պատերազմի հետքերը

ԱՀ Մարտունի քաղաքի Վլադիկ Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանը պատերազմի հետևանքով ունեցավ զգալի կորուստներ. այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ուսունարանի տնօրեն Արտակ Սարգսյանը:

«Պատերազմի ընթացքում ուսումնարանի 4 մասնաշենքերից 3-ը, ուսումնական բոլոր շենքերի պատուհանները և դռները վնասվեցին: Բայց Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, ինչպես նաև բարեգործների շնորհիվ հնարավորություն ստեղծվեց վերացնելու պատերազմի հետքերը: Մեծ աջակցություն ցուցաբերվեց նյութատեխնիկական բազայի, նոր ավտոբուսների ձեռքբերման, ցանկապատման աշխատանքերի նպատակով: Հիմնական բարերարը Armenian tools for schools բարեգործական կազմակերպությունն է: Այժմ ունենք բավարար նյութատեխնիկական բազա, ինչը հնարավորություն է ընձեռում ապագա մասնագետների մեջ ժամանակի պահանջներին համահունչ հմտություններ ձևավորել: Շատ կարևոր է ուսումնարանի համար սպորտդահլիճի կառուցումը, ինչը հնարավորություն կտա սովորողներին պարապելու անբարենպաստ պայմանների ժամանակ ևս»,- նշեց Ա. Սարգսյանը:

«Ուսումնարանում սովորում են 118 սան` 7 մասնագիտություններով՝ տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում, տրակտորիստ մեքենավարներ, վարսահարդարներ, դերձակներ, սալիկապատողներ, զոդողներ և խոհարարներ: Սովորողների հիմնական մասը Մարտունու շրջանի տարբեր գյուղերից են»,- հավելեց Ա. Սարգսյանը: