Չի կարելի պաշտպանության գերատեսչության ղեկավարներին փոխել նասկու պես․ Ռոբերտ Քոչարյան

Անհնար է, այսպիսի ռազմական բյուջեով լուծել սպառազինության վերականգնման, անվտանգության հարցեր։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Բանակին հատկացվող բյուջեն այնպիսին չէ, որ հույս փայփայենք՝ հաջորդ տարվա ընթացքում առկա խնդիրներն իրենց լուծումը ստանալու են»,- ասաց նա։
«Սրա համար պատասխանատու ո՞վ է։ Չգիտես էլ՝ ում հարցնես։ Երեք նախարար՝ մեկ տարվա ընթացքում։ Ոչ մեկը պիտանի չէր այդ գործի համար, բայց այնուամենայնիվ երեք նախարար՝ մեկ տարում, գլխավոր շտաբի երկու պետ՝ մեկ տարում, գործող շտաբի պետի փոփոխման մասին համառորեն լուրեր են տարածվում, սպասում ենք «Հայկական ժամանակ»-ի հրապարակմանը, թե երբ է  դա լինելու։ Գիտե՞ք, չի կարելի, պաշտպանության գերատեսչության ղեկավարներին փոխել նասկու պես։ Սա այն պաշտոնը չի, համակարգը չի։ Բացատրությունը մեկն է, այս իշխանությունը շահագրգռված չէ ունենալ մարտունակ բանակ»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Նրա կարծիքով, իշխանությունն այդ հարցում շահագրգռված չէ, քանի որ մարտունակ բանակի պարագայում մեր ժողովրդի պահանջն իշխանության նկատմամբ այլ կլինի, օրինակ, կպահանջեին ճանապարհ չհանձնել։

«Ստեղծված է մի իրավիճակ, երբ սարսափը հնարավոր պատերազմի վերաբերյալ իշխանությանը հնարավորություն է տալիս գնալ քայլերի, որոնց այլ պարագայում ժողովուրդը թույլ չէր տա գնալ։
Եթե ժողովուրդը գիտակցեր, որ առկա է մարտունակ բանակ, որն ունակ է պայքարել ազգային շահերի համար, նման բաներ թույլ չէր տա։ Իմ տպավորությամբ, այս վիճակն ինչ-որ տեղ արհեստականորեն է ստեղծվում։ Ես այլ բացատրություն չունեմ»,-ասաց նա։