Իրականում մենք չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածքներ․ Ռոբերտ Քոչարյան

«Անվտանգության ոլորտում այս տարին Հայաստանի Հանրապետության համար ես գնահատում եմ կատարյալ ձախողում, քանի որ ոչ մի հարց այս տարվա ընթացքում չի բարելավվել»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարեվերջյան ասուլիսում։

Խոսելով Հայաստանի տարածքային կորուստների մասին, ՀՀ երկրորդ նախագահն ասաց, իշխանություններն ընդունում են, որ 40 քկմ տարածք գտնվում է հակառակորդի վերահսկողության ներքո։

«Իրականում մենք չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածքների։ Դրա մասին չէր խոսվում, ես կփորձեմ պարզաբանել»,-ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը մանրամասնեց, GPS-ով սահմանագծումը, ըստ էության,  բերեց այն բանին, որ ադրբեջանական զորքերը դիրքավորվել են ենթադրյալ իրենց սահմանի բերանով, ինչի հետևանքով հայկական ուժերը ստիպված են եղել հետ քաշվել 500 մետր, իսկ որոշ տեղերում նույնիսկ 1 -1,5 կմ ու ավելի շատ։

«Սա կատարվել է ոչ միայն Վարդենիս, Արաքս հատվածներում, այլև Նախիջևանի հատվածում դեռ մինչև պատերազմը։ Դուք հիշում եք, որ բավականին մեծ տարածք ադրբեջանական զորքերն առաջ էին եկել։ Բավականին մեծ հատվածներ՝ իրենց դիրքերից մինչև մեր դիրքեր մեր կողմից են վերահսկվում։ Եվ ըստ էության, մենք կորցրել ենք մեր վերահսկողությունը ոչ միայն այդ 40-45 քկմ-ի նկատմամբ, այլև տասնապատիկ ավելի մեծ տարածքների նկատմամբ։ Սա փաստ է»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա հիշեցրեց, որ անցնող տարում կորցրել ենք կարևորագույն ճանապարհների օգտագործման հնարավորություն։

«Շատ է խոսվել այդ մասին, չեմ մանրամասնի»,-նշեց նա։