Ստոլտենբերգը ցանկանում է Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստ հրավիրել հունվարի 12-ին

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը որոշում է կայացրել հրավիրել Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի (ՌՆԽ) նիստ հունվարի 12-ին։ Այս մասին շաբաթ օրը տեղեկացրել է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով դաշինքում ունեցած աղբյուրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գործակալության զրուցակիցը նշել է, որ ՆԱՏՕ-ն մրցակցում է Ռուսաստանի հետ այս հարցում։ Ավելի վաղ ՆԱՏՕ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ հունվարի 12-13-ին Բրյուսելում տեղի է ունենալու ՆԱՏՕ Ռազմական կոմիտեի նիստը դաշինքի անդամ պետությունների գլխավոր շտաբների պետերի մակարդակով։

Երեքշաբթի դաշինքի գլխավոր քարտուղարը տեղեկացրել էր, որ ՆԱՏՕ-ն ՌԴ-ին առաջարկում է Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստն անցկացնել 2022թ. սկզբին՝ քննարկելու համար իրավիճակն Ուկրաինայում։ Ընդ որում՝ նա ընդգծել էր, որ ՆԱՏՕ-ն երբեք փոխզիջման չի գնա Ռուսաստանի հետ Ուկրաինայի՝ «իր ճանապարհն ընտրելու» իրավունքի և դաշինքին անդամակցելուն հավակնելու, ինչպես նաև դաշինքի մյուս երկրներին պաշտպանելու ՆԱՏՕ պետությունների իրավունքի հարցում։