Արցախը երբեք չի կարող և չի լինելու Ադրբեջանի կազմում. հայտարարություն

«Ապրելու երկիր» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը` Արցախի հարցով մեր նպատակը կա և լինելու է Արցախի վերջնական կարգավիճակի՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի հիման վրա ինքնորոշման իրավունքի ամրագրումն ու դրա միջազգային ճանաչումը։ Արցախը երբեք չի կարող և չի լինելու Ադրբեջանի կազմում, և որևէ իշխանություն չի կարող արցախցու կամքը ստորադասել։

Այս համատեքստում կուսակցությունը սատարում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի 26.12.2021թ․ հայտարարությունը և հայտնում է իր անվերապահ աջակցությունը Արցախի Հանրապետությանը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման գործընթացում։

Միևնույն ժամանակ, մեկ անգամ ևս հիշեցում ենք 1992թ․ հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված և մինչև այժմ գործող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» որոշման մասին, որտեղ ամրագրված է հետևյալը՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

 

«Ապրելու երկիր» կուսակցություն