Պատերազմում անմահացած հերոսների երեխաների համար ամանորյա միջոցառում է կազմակերպվել (լուսանկարներ)

«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության և «ԷՍ-ԲԻ-ԷՍ» ՓԲ ընկերության  համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի Տունտունիկ նախակրթարանում այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Արցախյան երրորդ պատերազմում անմահացած հերոսների երեխաների համար ամանորյա միջոցառում է կազմակերպվել, որի շրջանակներում երեխաներին նաև նվերներ են բաժանվել ։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանն ասել է, որ երեխաներն ավելի մեծ ուշադրության են արժանի ։

«Համոզված եմ, որ իրենց հայրիկները  շատ ավելին կանեին,բայց, ցավոք սրտի, նրանք այսօր մեզ հետ չեն։ Մենք փորձում ենք այս փոքրիկ միջոցառման շնորհիվ նրանց ուրախացնել։ Մեր գլխավոր նպատակն է միշտ վառ պահել զոհված տղաների հիշատակը, և հոգատար լինել նրանց ընտանիքների նկատմամբ։ Փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի այդ ընտանիքները զգան, որ մշտական ուշադրության կենտրոնում են»,-նշել է Ա. Ասրյանը, և հավելել, որ նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու։ Մեր զրուցակիցը Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ խաղաղություն  է բարեմաղթել Արցախ աշխարհին, որպեսզի մանուկները մեծանան խաղաղ պայմաններում և արժանի լինեն  հերոս հայրերին։ Միջոցառմանն ընդգրկվել է մինչև 6 տարեկան մոտ 150 երեխա։ Նրանք, ովքեր չեն կարողացել  ներկայանալ,  նվերները կստանան տանը։