Գառնիկ Իսագուլյանի ուղերձը «Վարդաշեն» ՔԿՀ-ից

Սիրելիներս ․․․

Ես այսօր ոչ մեկիդ անհատապես չեմ անդրադառնա, դրա համար դեռ ժամանակ կլինի։

Սա խոսք է ուղղված բոլոր նրանց, ում սիրտն ու հոգին, ում ամենօրյա մտորումներն ու գործերը, ում սերն ու հավատը, ում ներքին արժեհամակարգն ու նվիրումը հայեցի են ու անկոտրում, ովքեր պատրաստ են հանուն մեր պետականությունների՝ Հայաստանի ու Արցախի, չխնայել ոչինչ՝ նույնիսկ կյանքը։ Սա է օրվա հրամայականը, սա է այս անտանելի վիճակից դուրս գալու միակ ճանապարհը։

Ես հասկանում եմ նաև ձեզ։ Դուք թերևս նեղված եք ու մտահոգ։ Դուք ցանկանում եք իմանալ իմ վիճակի մասին։

Փառք Աստծո, ամեն ինչ շատ ավելի լավ է, քան կարող եք պատկերացնել։

Չէ, ոչ այն պատճառով, որ ազատության ու ճախրանքի սովոր Գառնիկը նստած է փականքի տակ գտնվող այս փոքրիկ ու անշուք խցում, այլ որովհետև այս փոքրիկ խցից ավելի լավ է երևում նիկոլ փաշինյանի, վլադիմիր կարապետյանի, արգիշտի քյարամյանի, արթուր դավթյանի, քննիչ ա․ հարությունյանի, դատավոր դ․ արղամանյանի փոքրությունն ու ոչնչությունը։ Եվ սրանք, այս ոչնչություններն ազգադավ շղթայի մի օղակն են միայն, ովքեր ծախեցին Արցախը, ծախում են Սյունիքը ու հլու-հնազանդ կատարում են գործողություններ, որոնք բխում են բացառապես թուրք-ադրբեջանական շահերից։

Քանի՞ այդպիսի օղակ կա նիկոլ փաշինյանի գլխավորությամբ, դեռ պետք է պարզել, որովհետև նիկոլը հենց նմանատիպ օղակներով է հյուսում այն մահացու շղթան, որով խեղդելու է Հայաստանը իր թուրքաբռնակալական ռեժիմը հավերժացնելու համար։ Մենք դա թույլ տալու իրավունք չունենք, մենք պարտավոր ենք համախմբվել, համախմբվել առողջ ու հայրենասեր ուժերով, այս թրքաբարո խաժամուժին իշխանությունից հեռացնելու հաստատակամությամբ։

Ի գո՛րծ և Աստծո օրհնությամբ՝ ՀԱՂԹԱՆԱ՛Կ։

  • ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ –

Երկու օրվա սոված, ծարավ ու անքուն օրերից հետո, այժմ մի փոքրիկ ակնարկ ․

Անկեղծ ասած վախենում եմ, որ իմ բարի խոսքերը «Վարդաշեն» ՔԿՀ-ի հասցեին կարող են վատ հետևանքներ ունենալ այստեղ աշխատող կոլեկտիվի վրա, բայց նաև չեմ կարող իմ խորին շնորհակալությունը չհայտնել նրանց, ովքեր իրենց պարտականությունները կատարում են հայեցի՝ օրենքի տառին ու ոգուն համապատասխան։

Շնորհակալություն․․․

Շարունակելի․․․

«Վարդաշեն» ՔԿՀ
22․12․21թ․