Դատախազությունը բողոքարկել է դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված գերուն չկալանավորելու որոշումը. «Հետք»

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված գերի Ն. Ե.-ին չկալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին Դատախազության հանրային կապերի բաժնից:

Վերաքննիչ քրեական դատարանից տեղեկացանք, որ բողոքը դեռևս չի մակագրվել: Նշենք, որ Ն.Ե.- ն դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված գերիներից միակն է, ում կալանավորելու վերաբերյալ միջնորությունը մերժվել է: Քննչական կոմիտեն վերադարձված 10 գերուց 5-ին կալանավորելու միջնորդություն էր ներկայացնել, այս պահին մյուս 4 մեղադրյալները կալանավորված են:

Վերը նշված 5 մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, այսինքն՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Մեզ հետ զրույցում  Ն.Ե.-ի պաշտպանը, հղում կատարելով նախաքննական գաղտնիքին, մանրամասներ չի հայտնել, թե կոնկրետ ինչ գործողությամբ կամ անգործությամբ է դրսևորվել իր պաշտպանյալի արարքն՝ ըստ մեղադրանքի: Ն. Ե.- ին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը քննել ու մերժել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Պողոսյանը:

 

Աղբյուր՝ hetq.am