Իշխող ուժը «Լուսավոր» կոչվող ապաքաղաքական խմբակի հետ փորձում է գողանալ վանաձորցու քվեն․ Վահե Դոխոյան

Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը  https://www.facebook.com/dokhoyanvahe/videos/445040667154147/  ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ավագանու նիստ չանցկացնելու վերաբերյալ դատարանի որոշմանը.

«Այսօր պարզվեց, որ իշխող ուժը «Լուսավոր Հայաստանի» գարշելի աջակցությամբ վարչական դատարանից ստացել է հայցի ապահովման միջոցի վերաբերյալ որոշում, որի համաձայն ավագանու նիստը այսօր չի կարող կայանալ: Դատարանի ապօրինությունների մասին ավելի ուշ կխոսեմ:

Փաստում ենք, որ իշխող ուժը Լուսավոր կոչվող ապաքաղաքական խմբակի հետ փորձում է գողանալ վանաձորցու քվեն:

Թույլ չենք տալու: Մեզ համար կա մեկ բացարձակ արժեք` դա վանաձորցին է, վանաձորցու կամքն է, որը դառնալու է իրականություն անկախ տեղի ունեցող ամենաթողության և հակաժողովրդավարական գործընթացներից:

Հետ քայլ չի՛ լինելու»:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 24-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որտեղ պետք է ընտրվեր համայնքի ղեկավար, սակայն այն չկայացավ: Համայնքի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ընթերցեց վերաքննիչ վարչական դատարանի որոշումը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել՝ համայնքապետ ընտրելու օրակարգով:

Դեկտեմբերի 5–ին Վանաձորի ավագանու ՏԻՄ ընտրություններում 10 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել էին 5-ը։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը» (15 մանդատ), երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է  (9 մանդատ), երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը (5 մանդատ), իսկ չորրորդ և հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք» (2 մանդատ),  և «Ապրելու երկիր» (2 մանդատ) կուսակցությունները: