ԵՄ-ը 4 մլն եվրո է հատկացնում ՀՀ-ում չափագիտության ոլորտի զարգացման համար

Դեկտեմբերի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը ստորագրեցին «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը»  ծրագրային փաստաթուղթը, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից 4 մլն եվրո բյուջեով։

Էկոնոմիկայի նախարարությունից  հայտնում են, որ ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Վահան Քերոբյանը կարևորեց ստորագրվող ծրագիրը և համոզմունք հայտնեց, որ վերջինիս իրականացման արդյունքում Հայաստանը կկարողանա վերացնել առևտրի տեխնիկական խոչընդոտները, ինչն ուղղակիորեն առնչվում է երկրի որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացման և միջազգային ճանաչման հետ: «Ծրագիրը կաջակցի Հայաստանի չափագիտության համակարգի արդիականացմանը Ստանդարտների և չափագիտության ազգային մարմնի ինտիտուցիոնալ ամարապնդման միջոցով, կընդլայնի Հայաստանի մասնակցությունը միջազգային և տարածաշրջանային չափագիտության համայքներում, ինչպես նաև փոխհարաբերությունները Չափագիտության ինստիտուտների եվրոպական ասոցիացիայի (EURAMET) հետ», – նշեց Վահան Քերոբյանը:

Նախարարը հավելեց, որ ծրագիրը կօգնի ստեղծել Հայաստանում 4 տրամաչափման լաբորատորիաներ` գործարկելով համապատասխան չափման միջոցներ և սարքեր, որոնք անհրաժեշտ են պահանջվող տրամաչափարկման  և չափագիտական կարողությունների համար, և կպատրաստի այդ լաբորատորիաներին միջազգային հավատարմագրման ձեռքբերման համար։

Ծրագրի արդյունքում շահագրգիռ կողմերին կտրամադրվեն կայուն և միջազգայնորեն ճանաչված չափագիտական ծառայություններ: Արդյունքում Հայաստանում կբարելավվի արտադրված ապրանքների որակը և կապահովվի Հայաստանում կատարված չափումների, փորձարկումների միջազգային ճանաչումը, ինչը կնպաստի մարդկանց կյանքի որակի բարձրացմանը և  կընդլայնվի առևտուրը ԵՄ և այլ օտարերկրյա երկրների հետ:

ՄԱԱԶԿ գործադիր տնօրեն Բերնարդո Կալզադիլա-Սարմիենտոն, անդրադառնալով ծրագրին, նշեց դրա կարևորությունը և գնահատեց Հայաստանի կառավարության նվիրումը չափագիտության ոլորտի զարգացմանը։ Բարձր գնահատվեց նաև ՄԱԱԶԿ-ի հետ ՀՀ կառավարության անցյալից սկսված համագործակցությունը, որի զարգացման հեռանկարները  վերահաստատվեցին ևս մեկ ծրագրի այսօրվա մեկնարկով։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի պետ Ֆրանկ Հեսսը ևս ողջունեց ներկաներին և նշեց, որ Եվրամիությունը ուրախ է աջակցել Հայաստանում կայուն տնտեսական զարգացմանը՝ ի շահ ՀՀ բոլոր քաղաքացիների։ Նշվեց, որ սննդամթերքի անվտանգության և առողջապահության ոլորտների կատարելագործումը, կլիմայի փոփոխության մեղմացումը և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը որակի ենթակառուցվածքի օգուտներից են: Առևտրի բարելավված  մրցունակությունը և այդ ուղղությամբ առաջարկվող օգուտների արդյունավետ օգտագործումը թույլ կտան ավելի համապատասխանել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ոգուն։

Այս ծրագիրը համապատասխանում է Եվրամիության և Հայաստանի Հանրապետության կողմից «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) դրույթներով ստանձնած պարտավորություններին, որը կհանգեցնի առևտրի մրցունակության բարելավմանը և ՀԸԳՀ-ով նախատեսված դրույթներից բխող օգուտների  բովանդակալից իրականացմանը: Որակի ենթակառուցվածքի զարգացումից կշահի ոչ միայն առևտրի ոլորտը, այլև  այլ ոլորտներ, այդ թվում՝ սննդի անվտանգության և առողջապահության, կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի ոլորտները։

Ծրագիրը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի» ինստիտուցիոնալ հզորացման, միջազգային առաջարկություններին և լավագույն փորձին համապատասխան իրավական, կարգավորող և կառավարման համակարգի բարելավման միջոցով կօժանդակի Հայաստանի չափագիտության համակարգի արդիականացմանը, միջազգային և տարածաշրջանային չափագիտության ոլորտում Հայաստանի մասնակցության ակտիվացմանը, ինչպես նաև «Չափագիտության ինստիտուտների եվրոպական ասոցիացիայի» (EURAMET) հետ փոխգործակցությանը։ Ծրագիրը նաև կօգնի ստեղծել տրամաչափարկման  չորս լաբորատորիա՝ չափման ստանդարտների, չափիչ գործիքների, չափումների և տրամաչափարկման կարողությունները զարգացնելու համար անհրաժեշտ սարքավորումների գնման, տեղադրման և գործարկման միջոցով, ինչպես նաև նախապատրաստել լաբորատորիաների միջազգային հավատարմագրման գործընթացը: Այս ծրագրի արդյունքում շահագրգիռ կողմերին կտրամադրվեն կայուն և միջազգայնորեն ճանաչված չափագիտության ծառայություններ:

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն ուսումնասիրություններ, կկազմակերպվեն  դասընթացներ, ձեռք կբերվեն սարքավորումներ և ծառայություններ, կկազմակերպվեն տեղեկատվական արշավներ:

Ծրագրի իրականացման տևողությունը 39 ամիս է, արժեքը՝ 4.1 մլն եվրո, որից 4 մլն եվրոն  ԵՄ-ի ներդրումն է, իսկ 100,000 եվրոն՝ ՄԱԱԶԿ-ի։