Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Պիպոյանը վայր է դնում մանդատը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով ավագանու անդամի մանդատը վայր դնելու մասին: Գրառումը՝ ստորև.

«Սիրելի համաքաղաքացիներ, հայտնում եմ, որ Երևանի ավագանու անդամի մանդատս վայր եմ դնում, որովհետև.

  1. Չցանկացա մաս կազմել քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացի;
  2. Բողոք և անհամաձայնություն ունեմ ավագանու ինստիտուտի նկատմամբ իսկ, որը պետք է անպայման ենթարկվի հիմնավոր բարեփոխումների` ճշմարիտ քաղաքային իշխանություն դառնալու համար, որպիսին այն բնավ չէ հիմա: Այն պետք է դառնա պրոֆեսիոնալ օրենսդիր մարմին Երևան քաղաքի համար:

Ցավոք, օդում առկախ մնաց քաղաքապետարանում Մոնումենտալ արվեստի խորհուրդ ստեղծելու իմ առաջարկը, որի համար բավականին նախապատրաստական աշխատանք էի կատարել վերջին ամիսների ընթացքում, բայց այն` լիովին ձևակերպած, կհանձնեմ մշակութային գծով քաղաքապետի տեղակալին հույսով, որ կյանքի կկոչվի»:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստին Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։ Վերջինիս օգտին քվեարկությանը մասնակցած ավագանու 57 անդամներից կողմ է քվերակել ավագանու 44, դեմ՝ 10 անդամ, 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Այսպիսով՝ Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից։ Նրան անվստահություն հայտնելու գործընթացը մեկնարկել էր ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։